Չինաստանը վստահեցրել է, որ թույլ չի տա Ռուսաստանին օգտագործել միջուկային զենք, ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը։
Ստաբն այս հայտարարությունն արել է «Axel Springer Global» մեդիաընկերությանը (որը ներառում է Politico, Welt, Bild և այլ հրատարակություններ) տված հարցազրույցում, հաղորդել է Politico-ն։
Ֆինլանդիայի առաջնորդը հուլիսի 5-ին Հելսինկիում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։
Նա Պեկինն անվանել է հզոր զսպող գործոն։ «Այս ամռանը Չինաստանի արտաքին գործերի նախարարը այցելեց ինձ, և ես բարձրացրեցի այս հարցը», - ասել է Ֆինլանդիայի նախագահը։ «Եվ նա ասաց. «Մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»», - Ստաբը մեջբերել է չինացի նախարարի խոսքերը։
2024 թվականի փետրվարին Պեկինը կոչ էր արել «միջուկային ակումբի» երկրներին կնքել համաձայնագիր՝ պարտավորվելով առաջինը չօգտագործել միջուկային զենք։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այնուհետև հավաստիացրել էր, որ «Մոսկվան և Պեկինը միմյանց նախաձեռնություններին վերաբերվում են ոչ միայն հատուկ ուշադրությամբ, այլև անսասան հարգանքով» և հանձնառու են «երկկողմ հարաբերությունների հետագա առաջադիմական զարգացմանը, որոնք բնութագրվում են համապարփակ և ռազմավարական գործընկերությամբ»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումն անվանել էր բացառիկ անվտանգության միջոց։ Նա հայտարարել էր, որ Մոսկվան իրավունք ունի օգտագործել նման զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ «Ես արդեն նշել եմ և կրկին կընդգծեմ. նման զենքի՝ միջուկային զենքի կիրառումը մեր պետությունների ազգային անվտանգությունն ապահովելու ծայրահեղ, բացառիկ միջոց է», - ասել էր Պուտինը մայիսին, երբ Ռուսաստանն ու Բելառուսն անցկացրել էին իրենց առաջին համատեղ ռազմական վարժանքները ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի հրամանատարության ներքո։

Русский