Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է պահանջելու Ռուսաստանը Փաշինյանից Բիշքեկում, Հայաստանն ի վերջո ընտրություն կկատարի՞

Blog Image

Հընթացս այս օրերին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որին մասնակցում է նաև Հայաստանը և որին անդամակցելու նպատակը ներառված է ներկա իշխանությունների՝ 2026-2031 թվականների ծրագրում, հայ որոշ պաշտոնյաներ փորձում են խմբագրել Ռուսաստանի հետ հարաբերություններում իրենց կողմից մտցված անհանդուրժողականությունն ու նախատիքի ոճով խոսելու մոտեցումը։

Մասնավորապես, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել՝ նշելով, թե Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը։ Ռուսաստանը, նրա գնահատմամբ, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը, քանի որ Հայաստանն այդ պետության հետ ունի այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, ինչն ավելին է, քան ռազմավարական գործընկերը։
 
«Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք սառեցրել ենք և չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում»: Այդպիսով՝ Միրզոյանը փորձել է հավաստիացնել, թե Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, Եվրամիության և մյուս գործընկեր պետությունների հետ, և Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Հայաստանից ռուսական ցանկացած ներգրավվածություն ու մասնակցություն դադարեցնելու թեմաներն արհեստական են։ Այդուհանդերձ, ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած խնդիրներին՝ պաշտոնյաների հայտարարությունների, մեր գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի, ալկոհոլի արտահանման սահմանափակումների մասով՝ իհարկե չցանկանալով նշել, որ դրանց նախաձեռնողը ՀՀ իշխանությունն է եղել։ Միրզոյանը հետևություն է արել, որ երկու պետությունների հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման, փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունեն։
 
«Մենք չենք ուզում ավելի թեժացնել իրավիճակը, մենք ոնց հավատում էինք, որ ՀՀ-ն ու Ռուսաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, այնպես էլ համարում ենք, որ ապագայում էլ այդպես պետք է լինի»,- նշել է նա։
 
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, MediaHub-ին մեկնաբանելով Միրզոյանի հայտարարությունները, առնվազն տարակուսելի է համարում Արարատ Միրզոյանի հայտարարությունը հավասարակշռված քաղաքականություն վարելու և թե՛ ՌԴ-ն, թե՛ ԵՄ-ն հավասարաչափ ռազմավարական գործընկերներ համարելու Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության մասին։ Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում երկու կողմերի հանդեպ հավասարության նշան դնելը և հավասար վերաբերմունք ցուցաբերելը անընդունելի է։

«Եվրամիության, ԱՄՆ-ի ռազմավարությունն այսօր Ռուսաստանի դեմ պատերազմելն ու այդ պատերազմում հաղթելն է, Ռուսաստանին պարտության մատնելը։ Իսկ Ռուսաստանինը՝ հակամարտությանը դիմակայելը և Ռուսաստանի պարտությունը կանխելը։ Այդ երկու ռազմավարություններն ինչպե՞ս է Հայաստանը համադրելու։ Եվրամիության հետ Հայաստանը ռազմավարական գործընկեր է, Ռուսաստանի հետ ևս ռազմավարական գործընկեր է։ Այդ գործընկերությունը պետք է գործնական հարթության մեջ լինի։ Օրինակ՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ ՆԱՏՕ-ից սպառնալիքներ չլինեն իր նկատմամբ, և նրա ռազմավարական գործընկերներն էլ պետք է այդ հարցում գործընկերություն անեն փոխշահավետ տարբերակով և թույլ չտան, որ ՆԱՏՕ-ն իր սպառնալիքներն իրագործի։ Ռուսաստանը չի պահանջում, որ իր երկրի համար որևէ գործընկեր կռվի ՆԱՏՕ-ի դեմ, ընդամենը հորդորում է, որ իր համար նոր սպառնալիքների օջախներ չստեղծվեն՝ իր թշնամիների հետ դավադիր համագործակցությամբ։ Եթե Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը չլիներ ռուս-ուկրաինական ճակատում, ապա նման խնդիր դժվար թե առաջանար։ Բայց քանի որ հիմա պատերազմն ընթացքի մեջ է, պետք է այդ հանգամանքը հաշվի առնել այս կամ այն հարաբերություններում»,- ասում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը թույլ է տվել, որ այստեղ առաքելություն իրականացնեն եվրադիտորդները այն դեպքում, երբ Ռուսաստանը նրանց սպառնալիք է համարում իր դեմ հետախուզական աշխատանքներ իրականացնելու առումով։
 
Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը թույլ տվել եվրադիտորդների ներկայությունն այստեղ, եթե Ռուսաստանին համարում է ռազմավարական գործընկեր։ Նման հարցադրում է անում Հայկ Այվազյանը։ Նա նաև անդրադարձավ Արարատ Միրզոյանի՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային ի պատասխան հնչեցրած հայտարարությանը, թե 2022-ին ՀՀ իշխանությունները դիմել են մեր պայմանագրային դաշնակիցներին՝ ինչպես հարկն է, բայց չեն ստացել այն օգնությունը, որը իրավունք ունեին ակնկալել։

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան վերջերս մեկնաբանել էր պաշտոնական Հայաստանի այն մեղադրանքները, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը հրաժարվել է օգնել Հայաստանին, և հայտնել, որ իրականում Հայաստանն է հրաժարվել ՀԱՊԿ օգնությունից։ Հայկ Այվազյանը նշում է, որ 2022 թվականին ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանին առաջարկվել է ՀԱՊԿ զինված դիտորդների ներկայությունն ապահովել հայ-ադրբեջանական սահմանին՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան, բայց Հայաստանը չի ստորագրել այդ փաստաթուղթը՝ հայտարարելով, որ առաջարկվող օգնությունն իրեն չի բավարարում։ Այնինչ, Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ պետությունները չէին կարող քայլեր ձեռնարկել՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանի նրբությունները։
 
«Ռուսաստանը ձգտում է, որ տարածաշրջանում կայունություն լինի, և չէր կարող ինքն անկայունության նախաձեռնողը լինել։ Եվ Հայաստանի անվտանգության հարցն էր հարկավոր հոգալ, և միաժամանակ կանխել տարածաշրջանում հնարավոր թեժ օջախների ձևավորումը։ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դեպքում Ադրբեջանը և Թուրքիան կպայթեցնեին տարածաշրջանը՝ ՆԱՏՕ-ի թեթև ձեռքով ու սպառազինության մատակարարմամբ։ Այդ պահին առավել արդյունավետ էր զինված դիտորդների միջոցով հարթել խնդիրները»,- ասում է նա։ Բացի դա, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հրադադարի միջնորդն էր. միջնորդն ինչպե՞ս կարող էր հօգուտ կողմերից մեկի ռազմական գործողություններ սկսել։ Միջնորդի առաքելությունն է երկու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և հնարավորինս փոխշահավետ լուծում գտնել։

Հայաստանի իշխանությունների անհեռատեսությունն ու աշխարհաքաղաքական զարգացումները վերլուծելու անկարողությունը թույլ չեն տալիս, որպեսզի նրանք կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, այնինչ այս պահին նրանց ապիկարության պատճառով Հայաստանը հայտնվել է երկու կրակների մեջ։ Մի կողմից Եվրամիությունն է ճնշում գործադրում Հայաստանի վրա՝ պարտադրելով ներքաշվել հակառուսական արևմտյան կոալիցիայի մեջ, մյուս կողմից Ռուսաստանն է հասկացնում, որ Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական երկու բևեռների հետ հավասարաչափ հարաբերություններ ունենալ։ Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ամենևին դեմ չէ, որ Հայաստանն այլ ոլորտներում շփում ունենա Արևմուտքի հետ, առևտուր անի, տնտեսական հարաբերություններ կառուցի. այդ առումով Ռուսաստանը երկընտրանքի առաջ չի կանգնեցնում, պարզապես պահանջում է, որ իր դեմ քայլեր չիրականացնի։ Այն դեպքում, երբ Արևմուտքը սպառնալիքների լեզվով է խոսում Հայաստանի հետ՝ եթե չմիանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մասնավորապես տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու քայլերին, ապա ճնշումներ կկիրառեն, պատժամիջոցներ կլինեն, սպառնալիքներ։
 
Իշխանությունների անհեռատեսության պատճառով հիմա նաև Ռուսաստանն է պահանջներ ներկայացնում Հայաստանին, որպեսզի իշխանությունները ի վերջո հստակեցնեն՝ մնո՞ւմ են ԵԱՏՄ տանիքի տակ, թե՞ այնուամենայնիվ նախապատվությունը տալիս են Եվրամիության անդամակցությանը։ Ռուսաստանը երկակի մոտեցումները չի ընդունում, որովհետև իրեն էլ հարկավոր է կողմնորոշվել Հայաստանի հետ հարաբերություններում և մեր պետությունը կանխատեսելի դարձնել՝ հասկանալու համար, թե ինչ կարող է սպասել Հայաստանից՝ վստահելի գործընկերությո՞ւն, թե՞ կոալիցիա ՌԴ-ի դեմ պայքարող պետությունների հետ։ Այսօրվա գագաթաժողովին նորից է այդ հարցը բարձրացվելու, ինչի մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Բիշքեկում ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ-ին միանալու Երևանի մտադրության վերաբերյալ։
 
«Ամեն անգամ բարձր մակարդակի շփումը կարևոր է։ Նախագահը, անշուշտ, կօգտագործի այս հանդիպումը՝ մեր փաստարկները ևս մեկ անգամ վերսկսելու համար։ Բայց մենք չենք կարող հայերից ավելի հայ լինել։ Եվ, անշուշտ, իրենց ճակատագրի մասին որոշումը կայացնելու են հենց հայերը։ Եվ մենք հենց դա ենք առաջարկում նրանց անել՝ անցկացնել հանրաքվե», - ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ համապատասխան դիրքորոշում են զբաղեցրել ԵԱՏՄ այլ երկրների առաջնորդները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում։

Թագուհի Ասլանյան

Send