Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԿԳՄՍ-ն փոխզիջման չի գնում․ Գորիսի պետական քոլեջի շուրջ իրավիճակը չի՞ հանդարտվում

Blog Image

ԿԳՄՍ-ի կողմից բարեփոխումների, կրթական բարձր որակի ու արդիականացման մասին հայտարարությունների ֆոնին՝ դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում, մի խոսքով՝ բոլոր կրթական հաստատություններում կոլապս է սկսվում։
Այս անգամ հերթական թիրախը Գորիսի պետական քոլեջն է, որի շուրջ լարված իրավիճակը, մեր տեղեկություններով, չի հանդարտվում։

MediaHub-ը գրել էր, որ Գորիսի պետական քոլեջի դասախոսական կազմը և ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել քոլեջում, քանի որ  չեն ցանկանում, որ Կարեն Լազարյանը դուրս գա տնօրենի պաշտոնից։ Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները արգելափակել էին տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի մուտքը՝  նախարարից պահանջելով պարզաբանումներ։ Այդ ամենից մոտ մեկ շաբաթ անց մենք զրուցել ենք նաև քոլեջի տնօրենի ԺՊ Արմինե Կոլյանի հետ, որը վստահեցրել է՝ կրթական հաստատությունն աշխատում է բնականոն հունով, ամեն ինչ կարգին է։

Այնուամենայնիվ, MediaHub-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունի նախարարությունը, և արդյոք իրենք պատրաստ են փոխզիջման։ Ինչպես միշտ, այս անգամ էլ «ցրողական» պատասխան ենք ստացել։

«ԿԳՄՍ նախարարությունը կարևորություն է տալիս արհեստագործական և մասնագիտական  կրթությանը,  սոցիալ-տնտեսական  զարգացման պահանջարկին համապատասխան կրթական ծրագրերի  արդիականացմանը, մարզերում արդի պահանջարկների համապատասխան նոր մասնագիտությունների ներդրմանը, մանկավարժների  մասնագիտական  զարգացմանը և այլն»,- ասված է ԿԳՄՍ նախարարության տրամադրած պատասխանում։

Սակայն մեզ դիմած քաղաքացիների բողոքն այլ բանի մասին է. քոլեջի դասախոսական կազմը պնդում է՝  նախարարությունը հերթական  քայլն է անում, որը չի բխում կրթական ոլորտի ներկայացուցիչների շահերից։

Իսկ ահա նախարարության պարզաբանմամբ՝ Կարեն Լազարյանին տնօրենի պաշտոնից ազատել են Կառավարության որոշման անխոչընդոտ ընթացքն ապահովելու նպատակով, իսկ Արմինե Կոլյանը նշանակվել է ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Մեր մյուս հարցի պատասխանը, թե արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է փոխզջման, մենք չենք ստացել։

Հիշեցնենք, որ MediaHub-ը գրել էր՝  քոլեջը մի քանի անգամ գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն  և պահանջել Կոլյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ին հանձնած հավաստագրման քննության երկրորդ մասի՝ հարցազրույցի կամ բանավոր քննության ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները, հանձնաժողովի որոշումը՝ համապատասխան հիմքերով։

ԿԳՄՍ նախարարը երկու անգամ մերժել է տեղեկատվությունը փնտրողների դիմումը։ Մերժման հիմնական պատճառ է նշվել «անձնական տվյալներ» տրամադրելու անկարելիությունը։

Նախաձեռնող խումբը հայտնել էր, որ փնտրվող տեղեկատվությունը Ժաննա Անդրեասյանից չստանալու պարագայում ստիպված կլինի դատարանի օգնությամբ ստանալ նորանշանակի հարցազրույցի հիմքերը։ Քանի որ հարցմանը պատասխան չի եղել, նախաձեռնող խումբը դիմել է դատարան։

Send