Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները վիրավորին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Русский