«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զբաղված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավով, խորհրդարանի վարչական մեքենայի ղեկը փաստացի անցել է նրա տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Սակայն ինչպիսի՞ ֆինանսական պատկեր ունի այն պաշտոնյան, որն այս օրերին համակարգում է երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատանքը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Խանզրադյանի ունեցվածքային պատկերը գրեթե չի փոխվել․ նույն բնակարանը, նույն ավտոմեքենան, բայց տասնյակ միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, խոշոր փոխառություններ և վարկային պարտավորություններ։
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Խանզրադյանը տարվա ավարտին ունեցել է 14,4 մլն դրամ կանխիկ գումար, 2,4 մլն դրամ բանկային հաշիվներում և 200 եվրոյից ավելի միջոցներ արտարժույթով։ Սակայն առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք. նա շարունակում է որպես պարտատեր ներկայացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրված 22,6 մլն դրամի փոխառությունը, որը մեկ տարվա ընթացքում չի վերադարձվել նույնիսկ մասամբ։
Ստացվում է, որ ԱԺ բարձրաստիճան պաշտոնյան, մի կողմից, ունի ավելի քան 22 մլն դրամի վարկային պարտավորություններ, մյուս կողմից՝ կարողացել է մասնավոր ընկերության տրամադրել ավելի քան 22,6 մլն դրամի փոխառություն։ Հարց է առաջանում՝ ինչ տնտեսական տրամաբանությամբ է պաշտոնյան միաժամանակ պարտք վերցնում բանկերից և զգալի գումարներ փոխառում մասնավոր բիզնեսին։
Մինչ Դավիթ Առաքելյանը զբաղված է քաղաքական քարոզչությամբ, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարման պատասխանատվությունը փաստացի կրող պաշտոնյայի հայտարարագրերը շարունակում են հարցեր առաջացնել ոչ միայն նրա ֆինանսական վարքագծի, այլև տասնյակ միլիոնավոր դրամների ծագման, շրջանառության և օգտագործման տրամաբանության վերաբերյալ»։








Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Русский