Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, որը մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր և երբեմնի ակտիվ գործունեություն ծավալած բնապահպան Լենա Նազարյանի ամուսինն է, նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո։ MediaHub-ը փորձեց հեռախոսազանգով անձամբ Լենա Նազարյանից ճշտել հրապարակված տեղեկությունը՝ հարցադրումով, թե նախկին ակտիվ և Ամուլսարը հանք դարձնելու դեմ պայքարող բնապահպանը հա՞շտ է նման նշանակման հետ։
Սակայն Լենա Նազարյանը մեզ հետ զրույցում հերքեց հրապարակումը՝ ասելով, որ հրապարակման մեջ իրականությանը համապատասխանող լուրն այն է, որ ինքն ու Նարեկ Բաբայանն ամուսիններ են։ Իսկ պաշտոն ստանձնելու մասին տեղեկությունը իրականությանը բացարձակ չի համապատասխանում։ Ավելին, Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը հեռացել են հանրային-քաղաքական գործունեությունից, պաշտոններ ստանձնելու մտադրություն էլ չունեն։
Թե լրատվամիջոցի աղբյուրները ինչի՞ հիման վրա են նման տեղեկություն տրամադրել, նախկին պատգամավորը չկարողացավ պատասխանել՝ ևս մեկ անգամ պնդելով, որ հրապարակված լուրն ապատեղեկատվություն է։
Ի դեպ, Նարեկ Բաբայանը ևս իր ֆեյսբուքյան էջում հերքել է այդ տեղեկությունը՝ գրելով, որ նման բան չկա։ Ամեն դեպքում ինչպես ասում է ժողովուրդը՝ այս դեպքում լրատվամիջոցի մասին չէ խոսքը, առանց կրակ ծուխ չի լինում։
Թագուհի Ասլանյան

Русский