Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ պայթյունավտանգ՝ ուղեկցվելով ինչպես ռազմական գործողություններով, այնպես էլ տարբեր երկրների կողմից ակտիվ դիվանագիտական հայտարարություններով և փոխադարձ մեղադրանքներով։ Այս ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հստակ ուղերձով՝ ընդգծելով, որ անընդունելի է պետությունների ներգրավումը այլոց պատերազմենրի մեջ։ Նրա խոսքով՝ շարունակվող ռազմական գործողությունները ոչ միայն խաթարում են տարածաշրջանային կայունությունը, այլ նաև խորացնում են մարդասիրական ճգնաժամը՝ ծանր հարված հասցնելով խաղաղ բնակչությանը։ Միևնույն ժամանակ, Թեհրանը կտրուկ սրում է իր հռետորաբանությունը Կիևի հասցեին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինան հանդես է գալիս որպես Իրանի դեմ ուղղված ագրեսիայի մասնակից։ Իրանական կողմի պնդմամբ՝ ուկրաինական մասնագետների ներգրավումը անօդաչու համակարգերի կիրառման ոլորտում վկայում է հակամարտությանը Կիևի ուղղակի ներգրավվածության մասին՝ դուրս գալով զուտ քաղաքական աջակցությունից։
Այս համատեքստում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկում է տեխնոլոգիական աջակցություն Պարսից ծոցի երկրներին՝ փորձելով ամրապնդել գործընկերային հարաբերությունները։ Սակայն փորձագետները նշում են, որ նման նախաձեռնությունները հակասական են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն տեխնոլոգիաները դեռևս լիարժեք արդյունավետություն չեն ապահովում նույնիսկ Ուկրաինայի ներսում ռազմավարական օբեյկտների պաշտպանության գործում։
ԱՄՆ-ի դիրքորոշումը, իր հերթին, դրսևորվում է երկակի՝ ռազմական ճնշման և դիվանագիտական նախաձեռնությունների համադրությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հեռանկարները շարունակում են մնալ իրական և հասանելի։ Նա նպատակ է դրել մինչև ապրիլի 6-ը հասնել պայմանավորվածության՝ միաժամանակ ժամանակավորապես դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը։ Սակայն Թեհրանը չի հաստատել նման նախաձեռնության առկայությունը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև վստահության պակասը։
Միևնույն ժամանակ, ամերիկայն վարչակազմում շրջանառվում է սցենար, ըստ որի Վաշինգտոնը կարող է ավարտին հասցնել ռազմական գործողությունները՝ նույնիսկ այն պարագայում, երբ Հորմուզի նեղուցում նավագնացությունը լիովին չի վերականգնվի։ Ըստ այդ մոտեցման՝ առաջնային նպատակ է համարվում Իրանի ռազմածովային ներուժի սահմանափակումը և հրթիռային կարողությունների չեզոքացումը, որից հետո շեշտը պետք է տեղափոխվի դիվանագիտական հարթակ։ Եվրոպական դերակատարներն էլ չեն մնում դիտորդի դիրքում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարված իրավիճակը՝ շեշտելով հակամարտության հետագա սրման կանխման հրատապությունը։ Փարիզը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ընդդեմ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման և կողմերին կոչ է անում ակտիվացնել քաղաքական և դիվանագիտական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն վերականգնելու համար։ Ներքին մակարդակում Իրանը նույնպես ձեռնարկում է կոնկրետ քայլեր։ Խորհրդարանում շրջանառվող օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման նոր մեխանիզմներ՝ ներառյալ նավագնացության վերահսկողությունը, ֆինանսական գործիքակազմի վերանայումը և սահմանափակումներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում են Իրանի դեմ պատժամիջոցներին։ Նախագիծը նաև ենթադրում է համագործակցության խորացում Օմանի հետ՝ իրավական հենքի ձևավորման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, ձևավորվում է բազմաշերտ և հակասություններով լի պատկեր, որտեղ ռազմական գործողությունները, քաղաքական հայտարարությունները և դիվանագիտական հաշվարկները փոխկապակցված են մեկ ընդհանուր գործընթացում։ Տարածաշրջանը կանգնած է բեկումնային փուլի առաջ, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ոչ միայն տեղային, այլ նաև գլոբալ հետևանքներ ունենալ։
Ալիտա Եղիազարյան

Русский