Կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով: Մոտ 22,000 մարդ տարհանվել է, իսկ ևս 9,700-ին զգուշացվել է պատրաստ լինել լքել իրենց տները։
Associated Press-ը հայտնում է, որ նահանգային իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ավելի քան 100 անտառային հրդեհների պատճառով, որոնցից գրեթե կեսը դեռևս չեն վերահսկվում: Շոգը, ուժեղ քամիները և երկարատև երաշտը սրում են իրավիճակը։
Մոտ 12,000 բնակչություն ունեցող Սամերլենդ քաղաքը լիովին տարհանվել է, ինչպես նաև Փիչլենդի և հարակից տարածքների մոտ 8,000 բնակիչներ: Հաղորդվում է, որ մի քանի տներ այրվել են, բայց ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ։
Ուրբաթ երեկոյան սկսված Բալդ Ռեյնջ հրդեհը մի քանի ժամվա ընթացքում տարածվել է մոտ 50 քառակուսի կիլոմետրի վրա և հասել Սամերլենդ՝ անցնելով մոտ 15 կիլոմետր: Հրշեջ ծառայության մի պաշտոնյա իրավիճակը բնութագրել է որպես «պայթյունավտանգ»՝ համեմատելով հրդեհի տարածումը ռումբի հետ։
Փրկարարները տարհանել են արգելափակված մարդկանց, այդ թվում՝ ուղղաթիռով։ Իշխանությունները զգուշացրել են, որ վտանգավոր եղանակային պայմանները կարող են նմանատիպ իրավիճակների հանգեցնել նահանգի այլ շրջաններում։

Русский