Լրտեսների մասին իրական ու հորինված պատմություններ ֆիլմերում ենք տեսել։ Բայց արի ու տես, որ օտարերկրյա գործակալների, լրտեսների մասին հայտարությունները, ինչ-որ «փաստաթղթերի» հրապարակումները սովորական են դարձել։
Դրանք այլևս սենսացիոն չեն, առավել ևս՝ արժանահավատ չեն։
Ներքին լսարանի համար հրապարակ են նետվում ներքին սպառման լուրեր, նկարներ ու «փաստաթղթեր»՝ հստակ պատկերացումով, որ լինելու են փաստաթղթի իսկությունն ուսումնասիրողներ ու կեղծ լինելը բացահայտողներ։ Բայց սա էլ է տեխնոլոգիա՝ հանրությանն անընդհատ պահել լարվածության մեջ, անընդհատ սեփական օրակարգը թելադրել։
Բռնապետություններում դասակարգային թշնամու կեղծ կերպար ստեղծելով՝ փորձ է արվում հանրային պարսավանքի, մերժման, արհամարհանքի ալիքը բարձրացնել, որպեսզի այն ուզած պահին ծառայեցվի սեփական նպատակների համար՝ որպես գործիք. սա դասական ձեռագիր է։
Այսօր իշխանությունների օրակարգը չսպասարկող երկու կառույց՝ եկեղեցին և լրատվամիջոցները, հայտնվել են թիրախում. նկատում են քաղաքագետները։ Ուշադրություն դարձրեք, որ հենց այդ երկու կառույցների ներկայացուցիչներին էլ պիտակավորում են՝ որպես իբր օտար ուժերին ծառայող գործակալներ։
Իսկ լրագրողներին տրվող հարցեր՝ որտեղի՞ց եք ֆինանսավորվում, ո՞ր լրատվամիջոցն եք ներկայացնում, հաճախ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից։
Ըստ ամենայնի՝ իշխանությունների համար անցանկալի անձանց ու կառույցներին վերագրվող օտարերկրյա գործակալ, լրտես, մաքսանենգ պիտակներ համացանցում հաճախ կտեսնենք և կհիշենք հին ու բարի ֆիլմերը։

Русский