Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ և ներկայացմամբ Աժ-ում առաջին անգամ ձևավորվեց «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որի գործառույթները ժամանակին և հարկ եղած դեպքում նախորդ գումարման Ազգային ժողովներում իրականացվում էր էթիկայի կարճաժամկետ գործող հանձնաժողովների միջոցով, որոնց ստեղծումն ընդամենը դիպվածային բնույթ էր կրում։ Որոշման նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով: Էթիկայի հանձնաժողովը կգործի ժամանակավոր՝ դեռևս երկու տարի ժամկետով՝ հետագայում գործունեությունը երկարացնելու հնարավորությամբ։
Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողի այն մտահոգությանը, թե նախորդ գումարման խորհրդարանում մի շարք միջադեպեր հանձնաժողովի բացակայության պատճառով չեն քննվել։ Ռուբինյանը տեղեկացրել է, որ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարած համապատասխան փոփոխության շնորհիվ է հնարավոր եղել նոր գումարման ԱԺ-ում մշտական հանձնաժողովների շարքում նաև էթիկայի հանձնաժողովը ընդգրկել։ Էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերը սահմանող օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի հուլիսի 3-ին։ Այն ուժի մեջ է մտել օգոստոսի 2-ին՝ իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը։ Օրենքի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի առաջին նստաշրջանի ընթացքում։ Փոփոխված կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովը պետք է կազմված լինի խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը ներկայացնող հավասար թվով պատգամավորներից։ Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը համոզմունք էր հայտնել, որ նման հանձնաժողովի առկայությունը դրական նախաձեռնություն է, քանի որ հանձնաժողովի առկայությունը կարող է զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վարքագծի վրա։
«Ինքնին այն փաստը, որ պատգամավորները գիտեն՝ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք խախտեն էթիկայի կանոնները, համապատասխան դիմում կլինի, արդեն կարող է հանրային ճնշման գործոն դառնալ։ Լրագրողների ակնկալվող ուշադրությունը և հանրային գնահատականը կարող են օգնել մեզ բարեկրթության օրակարգի հարցում»,- նշել էր Ռուբինյանը։
Եվ եթե նախկինում ինչ-ինչ պատճառներով նման հանձնաժողով չէր ստեղծվում այս կամ այն հարցը քննարկելու համար, ապա այժմ ինքնաբերաբար խմբակցությունների ԱԺ ներկայացուցիչների վարքագծի հետ կապված խնդիրներն ինքնաբերաբար քննության առարկա կդառնան գործող հանձնաժողովում։
Նորաստեղծ հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվում է վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ 2-ին՝ «Հայաստան» խմբակցությանը։ Էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Նախագծով սահմանվում է նաև հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի նշանակման իրավունքի պարբերական փոխանցում խմբակցությունների միջև։ Այսպես, առաջին վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Երկրորդ վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալին՝ «Հայաստան» խմբակցությանը։ Երրորդ վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Երկու տարվա գործունեությունից հետո հանձնաժողովի գործառույթները կարող են երկարացվել ևս երկու տարով, այնուհետև՝ ևս մեկ տարով։
Նախաձեռնության նպատակն է ձևավորել պատգամավորական էթիկային վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական համակարգ և բարձրացնել Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական սանկցիա։
Թագուհի Ասլանյան

Русский