Ադրբեջանում հայերենն օր օրի ավելի մեծ տեղ է զբաղեցնում կրթական համակարգում։ Հայերեն են սովորում տարբեր կրթական մակարդակներում, նույնիսկ Բաքվի պետական համալսարանում է այն դասավանդվում։ Հայաստանում պատկերը էապես այլ է. ադրբեջաներենը հանրակրթական մակարդակում այսօր դասավանդվում է ընդամենը երեք դպրոցում։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում հայերենի ուսուցման նկատմամբ ուշադրությունը, և ի՞նչ է տալիս այդ երկրին հայերեն իմացող մասնագետների աճը։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ սա նոր քաղաքականություն չէ, այլ տասնամյակների ընթացքում ձևավորված և նպատակաուղղված ռազմավարություն։
«Դեռևս 30 տարի առաջ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը սուր էր, Ադրբեջանը հատուկ քաղաքականություն էր վարում՝ հայերեն լեզվի ուսուցումը զարգացնելու տարբեր կրթական աստիճաններում՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն։ Նրանց հիմնական նպատակն այն ժամանակ և հիմա մնում է նույնը՝ հայերենով Հայաստանի և հայ ժողովրդի վրա ազդեցություն ունենալը։ Եվ դա արդյունք տվել է։ Շատ սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել մարդկանց, որոնց ծագումն անհասկանալի է, բայց որոնք շատ լավ տիրապետում են հայերենին և կարողանում են որոշակի ազդեցություն ունենալ հայ հասարակական կարծիքի ձևավորման և նույնիսկ ձևախեղման վրա։ Նրանք նաև ուսումնասիրություններ են անում հայագիտության վերաբերյալ, գիտաժողովներ են կազմակերպում, ադրբեջանական քաղաքական նարատիվները բերում են գիտության և կրթության ոլորտ ու առաջ տանում, որովհետև դրա հետևում ունեն համապատասխան բյուջե։ Սա համակարգված, ուղղորդված քաղաքականություն է՝ Հայաստանի վրա ազդելու և ադրբեջանական հիմնական ուղերձները աշխարհին, այդ թվում՝ հայերին հասցնելու համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մխիթարյանը։
Այսինքն՝ հայերենի իմացությունը Բաքվի համար միայն լեզվական հմտություն չէ։ Այն կարող է դիտարկվել նաև որպես տեղեկատվական, գիտական և հասարակական ազդեցության գործիք։ Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։ Ադրբեջաներեն հանրակրթական համակարգում սովորեցնում են ընդամենը երեք դպրոցում։ Տարածաշրջանային իրողությունների պայմաններում սա բավարա՞ր է, թե՞ Հայաստանին անհրաժեշտ է ավելի լայն ծրագիր։ Փորձագետը կարծում է՝ տարածաշրջանի լեզուների իմացությունը պետք է սկսել հենց դպրոցից։
«Շատ անհրաժեշտ է, որ տարածաշրջանային լեզուները՝ սկսած դպրոցական տարիքից, մենք կարողանանք դասավանդել։ Ադրբեջանը դա հեշտությամբ կարողացավ անել, քանի որ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիները շատ լավ տիրապետում են հայերենին, և նրանք այդ պոտենցիալն օգտագործեցին։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ցավոք սրտի, այդ նույն խելացիությունը չունեցավ, որպեսզի այդ պոտենցիալն օգտագործի, և ադրբեջաներեն իմացողները գոնե դպրոցներում կարողանան դասավանդել։ Հիմա ունենք շատ խիստ կարիք մասնագետների, բայց մյուս կողմից, երբ այսօրվա կառավարությունում ադրբեջանագիտության մագիստրոսական կրթական ծրագիր ցանկացանք ստեղծել Գիտությունների ազգային ակադեմիայում, նրանք մերժեցին՝ առանց հասկանալու, որ դա շատ կարևոր է։ Ամենայն հավանականությամբ, այստեղ էլ է քաղաքականությունը թելադրում Բաքուն։ Նրանք են որոշում՝ Հայաստանում ինչ քանակի մասնագետներ պատրաստվեն, և նրանց ընդհանրապես պետք չէ, որ այստեղ հայերն ադրբեջաներեն իմանան»,- ասաց Մխիթարյանը։
Բայց կա նաև մեկ այլ խոչընդոտ՝ հասարակության վերաբերմունքը։ Հայաստանում թուրքերեն կամ ադրբեջաներեն սովորող մարդիկ հաճախ բախվում են քննադատության։ Երբեմն նրանց նույնիսկ մեղադրում են թշնամու լեզուն սովորելու համար։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ լեզվի իմացությունը չի նշանակում մտածողության նույնացում։
«Այո, մարդիկ մտածում են, որ եթե թուրքերեն կամ ադրբեջաներեն ես սովորում, դու մտածողությամբ նմանվում ես իրենց։ Բնավ դա այդպես չէ։ Ընդհակառակը՝ պետք է հիշել, որ թշնամու լեզուն պետք է իմանալ։ Եվ այստեղ ոչ թե միայն լեզվի իմացությունն է կարևոր, այլև մշակույթը, մնացած բոլոր բաները։ Եթե ադրբեջանագիտությունը մտցվի կրթական ծրագրերում, կվերանա նաև այն մտածողությունը, որ պետք չէ սովորել, քանի որ դա թշնամու լեզուն է։ Ընդհակառակը՝ պետք է սովորել և ֆինանսավորել այն մարդկանց, ովքեր կցանկանան սովորել և իրենց գիտելիքները տարածել»,- եզրափակեց իր խոսքը Մխիթարյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский