Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան. նոր էջ, թե՞ ձևական հանդիպում

Blog Image

Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնում է Ռուսաստան։ Երկուշաբթի Եկատերինբուրգում նա կմասնակցի «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, ինչպես նաև բանակցություններ կվարի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այցն արդեն քաղաքական քննարկումների առիթ է դարձել՝ արդյո՞ք այն հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլի սկիզբ է, թե՞ պարզապես աշխատանքային շփումների շարունակություն։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը կարծում է, որ այս հանդիպումը հարաբերությունների կարգավորման ազդակ համարելը դեռ վաղ է։

«Չեմ կարծում, որ այս հանդիպումը հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ է։ Թղթով մենք դեռևս մնում ենք դաշնակիցներ, և այնպես էլ չէ, որ Ռուսաստանը մեծ ցանկություն ունի հարաբերությունները խզելու, և դեռ փորձում է պահպանել կապերը։ Չեմ բացառում նաև, որ Փաշինյանը ևս չի ցանկանում մինչև վերջ խզել հարաբերությունները, սակայն ամբողջ հարցն այն է, որ դա միայն իր որոշելիքը չէ»,- ասաց Այվազյանը MediaHub-ի հետ զրույցում։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա շարունակում են ազդել նաև Արևմուտքի հետ ձևավորված հարաբերություններն ու ստանձնած պարտավորությունները։

«Արևմուտքը, երբ որևէ պետության ներքաշում է պարտավորությունների մեջ, դրանով կախման մեջ է գցում վերջինիս, որ հետո մերժում չստանա, երբ անհրաժեշտ լինի կտրուկ գործողություններ իրականացնել։ Առայժմ Փաշինյանին թույլ են տալիս գնալ Ռուսաստան, քննարկումներ ունենալ և պահպանել կապը։ Եթե միանգամից բոլոր ուղղություններով հարաբերությունները խզվեն կամ կողմերը թշնամանան, ակնհայտ է, որ Արևմուտքը պատրաստ չէ միլիարդավոր դոլարներով փոխհատուցել այդ կորուստները։ Նրանք ցանկանում են այդ գործընթացն իրականացնել աստիճանաբար, որպեսզի հասարակության համար այն կտրուկ չընկալվի»,- նշեց նա։

Մինչդեռ Ռուսաստանը, ըստ Այվազյանի, նույնպես չի շտապում կտրուկ քայլերի դիմել՝ նախընտրելով պահպանել գործող շփումները։

«Ռուսաստանն էլ, իր շահերից ելնելով, խնդիր չունի արհեստականորեն արագացնելու այդ գործընթացը։ Սակայն նման հանդիպումները դեռևս չեն նշանակում, որ Ռուսաստանը հետագայում պատասխան քայլերի չի դիմի»,- հայտնեց Այվազյանը։

Այսպիսով, փորձագետի գնահատմամբ, Եկատերինբուրգում նախատեսված հանդիպումը ներկայում ավելի շատ աշխատանքային բնույթ ունի, քան կարող է դիտարկվել որպես հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման կամ ջերմացման մեկնարկ։

Ալիտա Եղիազարյան

Send