Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Առաջին անգամ է, երբ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից. Աշոտյան

Blog Image

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով կալանավայրից 168.am-ին է փոխանցել հերթական հոդվածը: Նամակը՝ ստորև.

1. Ինչպես և կանխատեսում էի, անցած ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար: Իսկ միակ իրականում թափանցիկ բանը քվեարկության ծրարներն էին:

2. Միայն ընտրական մեխանիզմներով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող: Փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են:

3. Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո: Նիկոլական «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»:

4. Անգամ այդքանից հետո չհասնելով ցանկալի արդյունքին՝ Փաշինյանն ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները՝ բռնանալով ժողովրդի կամարտահայտության վրա:

5. Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչլեգիտիմության փաստից: Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող):

6. ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումներ):

7. Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող:

8. Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում: Սահմանադրության հետ կապված շահարկումները ստիպում են ինձ ասել, որ «անմիաբան ընդդիմությանը Սահմանադրությունն է խանգարում»: Եթե որոշ շրջանակներ սեփական թերությունների և սխալների դեմ պայքարեին նույնքան, որքան մեր դեմ, գուցե ավելի հաջողակ լինեին:

9. Մանդատները վերցնելը և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, կարծում եմ, ճիշտ է: Սակայն դրանից առաջ պետք է իրականացնել սեփական թեկնածուների լիարժեք և ազնիվ վեթինգ՝ կանխելու համար անխուսափելի «մանդատագողության» փորձերի հաջողությունը:

10. Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ: Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից: Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող:

11. Փաշինյանի հետընտրական ագրեսիան վկայում է այն մասին, որ նա լավ գիտի, որ չի հաղթել, իսկ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է, անազնիվ: Որովհետև ազնիվ հաղթանակ տանողները փորձում են առավել սոսնձող, միաբանող, համազգային կեցվածք և կերպար ունենալ:

Հ.Գ. Հին հռոմեացիք իրենց դեմ պայքարող առաջնորդներին ասում էին. «Կա՛մ հաղթի՛ր Հռոմին, կա՛մ հանձնվի՛ր»: Մասնավորապես այդպես ավարտվեց հռոմեացի զորավար Մարիոսի հանդիպումը Միհրդատ արքայի հետ:

Send