Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց

Blog Image

ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ այս մասին նշված է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների պատրաստած զեկույցում։

Ըստ զուկույցի՝ Երևանի՝ Եվրոպական միությանը միանալու ծրագրերը հակասություն են ստեղծում տարբեր իրավական ռեժիմների միջև։

«Եթե ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցվի, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան կիսով չափ՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի»,- նշված է փաստաթղթում։

Եթե ​​Հայաստանը դուրս գա  միությունից, ապա դեպի Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։ Բացի այդ, միջազգային իրավունքի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունները կարող են ժամանակավորապես կասեցնել Հայաստանի մասնակցությունը դաշինքին՝ «հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը»։

Հնարավոր վնասները․

• ՀՆԱ-ի անկում՝ մոտ 15,6%
• ապրանքների և ծառայությունների արտահանման անկում՝ 41,6%
• ներմուծման անկում՝ 27,1%
• գնաճի աճ՝ մոտ 14,9 տոկոսային կետով
• սպառման նվազում՝ 14,6%:

ԵԱՏՄ մասնակցության կասեցման սցենարում գազի վերաբերյալ հաշվարկներն արվել են 300 դոլար/1000 խմ գնի հիման վրա։ Դա մոտ 69% թանկացում է։ 300 դոլարը ինդիկատիվ թիվ է, իսկ իրական պայմանագրային գինը կարող է ավելի բարձր լինել։ Նույն ֆիզիկական ծավալների պահպանման դեպքում Հայաստանի գազի ներմուծման արժեքը կարող է աճել 389 մլն դոլարից մինչև 657,5 մլն դոլար։ 2025-ին ԵԱՏՄ մյուս երկրներում աշխատել է մոտ 126,9 հազար ՀՀ քաղաքացի, որոնց 98,2%-ը՝ Ռուսաստանում։ Զեկույցը կանխատեսում է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ավելի քան կրկնակի նվազում։ 

Զեկույցը տեղեկություններ է պարունակում Եվրոպական միությանը միանալու նպատակով Հայաստանի ձեռնարկած քայլերի մասին, ինչպես նաև վերլուծում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական դաշտերի համատեղելիությունը՝ մասնավորապես համեմատելով այն պարտավորությունները, որոնք Երևանը ստանձնել է որպես ԵԱՏՄ անդամ, և այն պարտավորությունները, որոնք բխում են ԵՄ-ին անդամակցելու գործընթացից։

Փաստաթղթում ներկայացված են նաև այն իրավական մեխանիզմները, որոնք նախատեսված են մեղմելու Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշումից բխող ռիսկերը։ Նաև գնահատվում են հնարավոր հետևանքները այն դեպքում, եթե կասեցվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Զեկույցը կներկայացվի Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, Սադիր Ժապարովին և Նիկոլ Փաշինյանին։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը մտահոգության առարկա է դարձել կազմակերպության համար՝ հաշվի առնելով ԵՄ-ին միանալու ուղղությամբ երկրի ձեռնարկած քայլերը։ Հայաստանի կողմից «եվրոպական ստանդարտների» որդեգրումը սպառնում է խաթարել ԵԱՏՄ մաքսային տարածքի միասնությունը։

Send