Դեռ հուլիսի վերջին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել էր, որ 2026 թվականի օգոստոսը աստղագիտական երևույթների թվով աննախադեպ է լինելու և հենց այդ օրը մի շարք շլացուցիչ աստղագիտական իրադարձություններ են լինելու, որոնց մեծ մասին մարդկությունն ականատես կլինի հենց այսօր՝ օգոստոսի 12-ին։
Այսօր գրեթե միաժամանակ երեք կարևոր երևույթներ կլինեն՝ Արեգակի ամբողջական խավարում, նորալուսին և կգրանցվի Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։
Ըստ Լևոն Ազիզյանի՝ նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ։
«Այսօր Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև և որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Խավարման պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 359 445 կմ հեռավորության վրա։ Այդ պատճառով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի խոշոր կերևա և ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի մոտ 2 րոպե 18 վայրկյան»,- պարզաբանել է Լևոն Ազիզյանը՝ հավելելով, որ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։
Ի դեպ, ինչպես գրում է The Guardian պարբերականը՝ եվրոպական մի շարք երկրներ զբոսաշրջիկների մեծ հոսք է եղել վերջին օրերին, որի պատճառը հենց սպասվող Արեգակի խավարումն է։ Տարբեր երկրներից զբոսաշրջիկները ժամանել են այն երկրներ, որտեղից երևութը լիարժեքորեն տեսանելի է լինելու։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ զբոսաշրջիկների հետաքրքրության գլխավոր կենտրոններից մեկը դարձել է Ռեյկյավիկը, ինչի պատճառով կտրուկ ավելացել են հյուրանոցների գները։ Օգոստոսի 12-ին հյուրանոցային համարի միջին արժեքը հասել է 793 դոլարի, ինչը 98%-ով բարձր է մեկ տարի առաջվա հյուրանոցային ծառայությունների գնից։ Իսլանդիայի մայրաքաղաքը այն եզակի հասանելի վայրերից է, որտեղ խավարման ամբողջական փուլը հնարավոր կլինի դիտել մինչև երեկո։ Զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվել նաև Իսպանիայում։ Երկրի ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ մոտ 460 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է ժամանել հատուկ արևի ամբողջական խավարումը տեսնելու համար։ Այստեղ ևս հյուրանոցները համարձակորեն օգտվել են զբոսաշրջային հոսքից և բարձրացրել գները։
Ըստ The Guardian-ի՝ Լա Կորունյա քաղաքում համարի միջին արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 135%-ով և հասել 451 դոլարի։ Մայորկայում գներն 24%-ով են աճել՝ կազմելով մոտ 448 դոլար։ Ամերիկացի զբոսաշրջիկներից ոմանք նույնիսկ տներ են փոխանակել Կաստիլիա և Լեոնի բնակիչների հետ՝ Իսպանիայից խավարումը դիտելու համար։ Նրանց համար, ովքեր չեն կարողանա անձամբ տեսնել խավարումը, NASA-ն Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վիլյալիբադո գյուղում տեղադրել է չորս հզոր աստղադիտակ՝ ավելի քան 10 միլիոն դիտողի համար ուղիղ հեռարձակում ապահովելու նպատակով։ Արևի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնում խավարման պիկը սպասվում է օգոստոսի 12-ին ժամը 19:12-ին։
Ինչ վերաբերում է Պերսեիդների աստղաթափին, ապա Լևոն Ազիզյանի տեղեկացմամբ՝ այսօր՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը երկնքում կակտիվանա տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը․ այս գիշեր կգրանցվի Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը, և մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։
«Պերսեիդներն առաջանում են, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ-Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելիս այդ մասնիկներն այրվում են և երկնքում թողնում վառ հետքեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենը՝ նաև տեղեկացնելով, որ Հայաստանում աստղաթափով հիանալու համար լավագույն ժամանակը կլինի 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00-ի ընթացքում։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 ընկնող երկնաքար մեկ ժամվա ընթացքում։
Եվ հենց այդ իրադարձության գագաթնակետի ժամանակ գիշերային երկնքում, ըստ նրա, տեսանելի կլինի այս օրվա ևս մեկ աստղագիտական ակնառու երևույթ՝ վեց մոլորակների՝ Նեպտունի, Սատուրնի, Ուրանի, Մարսի, Մերկուրիի և Յուպիտերի շքերթը։ Լևոն Ազիզիյանը խորհուրդ է տալիս աստղաթափին ու մոլորակների շքերթին հետևել քաղաքային լուսավորությունից հեռու, բաց հորիզոն ունեցող վայրից, որպեսզի երևույթներն ավելի պարզ երևան։
Նա նաև նշում է, որ դիտման պայմաններն այս գիշեր բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների պիկը համընկնում է նորալուսնի ձևավորման հետ, և լուսնի լույսը չի խանգարի աստղաթափին երկրից հետևելուն։
Պատրաստեց՝ Թագուհի Ասլանյանը

Русский