«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կապանում առաջիկայում սպասվող համայնքապետի ընտրություններին ընդառաջ իշխանությունը, կարծես, վերջնականապես կողմնորոշվել է իր թեկնածուի հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ն մտադիր է համայնքապետի պաշտոնում առաջադրել Սյունիքի նախկին փոխմարզպետ, ներկայում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին։ Նրան, սակայն, հեշտ պայքար չի սպասվում։
Ընտրություններին պատրաստվում է մասնակցել նաև Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը համայնքում բավականին բարձր ընդունելություն ունի և, ըստ մեր աղբյուրների, լուրջ ընտրական ռեսուրս ու ձայների կայուն բազա ունի։ Ուշագրավ է, որ այս իրավիճակում ՔՊ-ն որոշել է գործի դնել իր զինանոցում մնացած ամենաազդեցիկ տարբերակներից մեկը՝ Նարեկ Բաբայանին։ Վերջինս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ դառնալուց հետո ոչ միայն զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը Սյունիքում, այլև, ըստ էականորեն ավելացրել է իր ունեցվածքը։
Ըստ էության, իշխանության հաշվարկը պարզ է․ Կապանում, որտեղ գործող համայնքապետն ունի ամուր դիրքեր, միայն ՔՊ-ի քաղաքական բրենդը կարող է բավարար չլինել հաղթանակի համար։ Ուստի խաղադրույքը դրվում է Բաբայանի անձնական ազդեցության, կապերի և տարիների ընթացքում ձևավորված հնարավորությունների վրա։ Կստացվի՞ արդյոք իշխանությանը Նարեկ Բաբայանի միջոցով վերցնել Կապանը գործող համայնքապետից, թե՞ ՔՊ-ի այս հաշվարկն էլ չի աշխատի՝ ցույց կտան ընտրությունները»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բիշքեկյան հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը զուտ դիվանագիտական ձևակերպումներից անցել է շատ կտրուկ քայլերի՝ առանց սեթևեթանքների, առավել կոշտ տոնայնությամբ Հայաստանի իշխանություններին առաջարկելով կողմնորոշվել՝ կա՛մ, կա՛մ:
Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրները, պաշտոնական ՌԴ իշխանությունների ընկալումը հստակ է, այն է՝ բանակցությունների մեջ մտնելով ու խնդրելով բացել ռուսական շուկան Հայաստանի համար՝ Փաշինյանը պարզապես ուզում է ժամանակ շահել։ Իմաստն այն է, որ գոնե 2-3 տարի հնարավոր լինի խուսափել հանրաքվեից, ցույց տալ, թե Հայաստանը շահագրգռված չէ «գնալ» դեպի Արևմուտք, այդ ընթացքում մասամբ դիվերսիֆիկացնել արտահանումը, մասամբ կրճատել գյուղական տնտեսությունների քանակը, ապա անսպասելի մեկ օրում կտրել բոլոր թելերը Մոսկվայի հետ՝ ըստ էության կրկնելով Ուկրաինայի վարվելակերպը։ Հասկանալի է, որ պաշտոնական Մոսկվան ցանկություն չունի, այսպես ասած, ֆինանսավորել Հայաստանի իշխանությունների «սլացքը» դեպի Արևմուտք, ինչի մասին արդեն բարձրաձայնում են ռուսաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները, և, մեր տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունները որոշում ունեն առավելագույն չոր, կոշտ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Թե ինչ առարկայական դրսևորումներ կունենա դա, դեռևս հստակ չէ, սակայն, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու՝ հղում տալով մեր այլ աղբյուրներին, Հայաստանից արտահանման արգելքին զուգահեռ հնարավոր են ՌԴում ապրող ու աշխատող մեծաթիվ ՀՀ քաղաքացիների արտաքսումը, դրամական տրանսֆերտների ու տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների սահմանափակումը, էներգակիրների, մասնավորաբար գազի թանկացումը և այլն։ Նույնիսկ ոչ տնտեսագետների համար է ակնհայտ այդ ամենի ծանրագույն, աղետալի հետևանքները Հայաստանի համար: Ընդ որում, այդ ամենից տուժելու են ոչ թե օրվա իշխանությունները, այլ երկիրն ու հայ ժողովուրդը:
«Հրապարակ» գրել է. Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ 2026-ի հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջեւան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ընտրողների թիվը 34 հազար 504 է։
Ըստ նույն կայքի՝ Իջեւանի ավագանու համամասնական ընտրակարգով 2021թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33 հազար 90։ Այսինքն՝ 5 տարում համայնքի ընտրողների թիվն աճել է 1414-ով։ Նմանապես, 2021-ի համեմատ Դիլիջան համայնքի ընտրողների քանակը 2026-ին աճել է 1248-ով։ Բնական վերաճի բացակայության եւ արտագաղթի հետեւանքով Հայաստանի բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում։ Այս հանելուկի պատասխանը միայն օրվա իշխանությունը կիմանա։

Русский