Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՌԴ ԱԳ փոխնախարարը կասկածի տակ է դնում ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները․ այլ հայտարարություններ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու համար Երևանի կողմից բերված հիմնավորումների իսկությունը։

Լրագրողների հարցերին պատասխանելով Հայաստանում ռուս տնտեսվարողների հետ կապված իրավիճակի մասին՝ դիվանագետը որպես օրինակ բերել է գործարար Սամվել Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

«Իշխող թիմը փորձում է արդարացնել իր գործողությունները «կոռուպցիայի դեմ պայքարի», անօրինական ճանապարհով ստացված եկամուտները գանձարան վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարելավելու ձգտման կարգախոսներով։ Սակայն նրանց հավաստիությունը խիստ կասկածելի է», - հայտարարել է Գալուզինը։

Ըստ փոխնախարարի՝ «իրականում սա ավելի շատ հիշեցնում է ներքին ասպարեզում մրցակցի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում»։

Գալուզինը նշանակալի է համարում այն ​​փաստը, որ «մինչև գործարարի հայտնվելը հանրապետության քաղաքական կյանքում, ընկերության գործունեության վերաբերյալ բողոքներ չեն եղել»։ «Նոր ղեկավարները, որքանով կարելի է դատել, առանձնապես հաջողակ չեն եղել ձեռնարկությունը ղեկավարելու հարցում, որի մեջ ներդրվել են հարյուր միլիոնավոր դոլարներ», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Դիվանագետի խոսքով՝ իրականությունը Երևանի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տրված կոնցեսիայի վերաբերյալ հայտարարությունների հակառակն է. ամբողջ հասույթն ուղղվում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը։

«Ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում ռուսաստանյան տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի պահպանմանը։ Այդ շահերի ցանկացած խախտում ոչ միայն կվնասի ՀՀ ներդրումային միջավայրին, այլև կհանգեցնի Ռուսաստանի համապատասխան արձագանքին»,- ընդգծել է Գալուզինը։

Send