Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել, Դավթյանն ու Չախոյանը՝ ծեծկռտուքի վարույթի կենտրոնում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հաճնում դեկտեմբերի 13-ի ընտրություններում հայտ ներկայացրած «Գործարար» կուսակցության 29 թեկնածուից 3-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

Պատմեցին, որ առաջադրվելուց հետո իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, փոշմանել են, դուրս եկել պայքարից: Հնարավոր է, որ եւս 2 թեկնածու ինքնաբացարկ ներկայացնի: «Գործարարի» համայնքապետի թեկնածու Վարդան Պապյանին հարցրինք՝ ինչո՞ւ են իրենց թեկնածուներն ինքնաբացարկ նեկայացրել։

«Տեղեկությունը կճշտենք, տեսնենք` ովքեր են, եթե ինքնաբացարկ անող էլ լինի, մենք հաշտ ենք դրա հետ: Դե, երեւի որոշել են չպայքարել: Կեղտոտ խաղեր են խաղում, մարդիկ կան, որ ուզում են անձնականացնեն ընտրությունները ու հարազատների մեջ խժդժություն են գցում: Դրա հետ կապված կարող են լինել 1 կամ 2 հոգի, կեղծ լուրեր են տարածում:

Մի քանի հոգու ընտանիքում միտումնավոր խնդիրներ են առաջացրել, բայց ովքեր էլ որ իրենց մեջ ուժ կգտնեն՝ կհասկանան, որ ընդհանուրի շահն իրենց հարաբերություններից կարեւոր է: Մանիպուլյացիաներ են անում, որ խանգարեն եւ խաթարեն, բայց չի ստացվելու»: Թիվ 28 ԸԸՀ նախագահը հաստատեց, որ 3 դիմում են ստացել»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունները՝ պարզելու, թե իրականում ով է սկսել բախումը, ով է առաջինը ձեռք բարձրացրել որևէ մեկի վրա և ինչ հանգամանքներում է իրավիճակը վերածվել ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն է։ Մինչդեռ վերջինիս պաշտպանական կողմը պատրաստվում է քրեական վարույթի շրջանակում ներկայացնել իր հակափաստարկներն ու տեսագրությունները՝ պնդելով, որ միջադեպի հրահրողը ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն է եղել։

Մասնավորապես, ընդդիմադիր կողմի ներկայացմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը ամբիոնի մոտից վիրավորական և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ «…ձեր առաջնորդի վրա»։

Դրանից հետո, ըստ այդ վարկածի, Գառնիկ Դավթյանը մոտեցել է Չախոյանին, ով ջուրը շփել է Դավթյանի ուղղությամբ, որից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Չախոյանին։

Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Դավթյանի պաշտպանական կողմը պատրաստվում է այս հանգամանքները և տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ հիմնավորելու, որ միջադեպի նախնական հրահրումը եղել է ոչ թե Դավթյանի, այլ ՔՊ պատգամավորի գործողությունների հետևանքով։

Սակայն պատմությունը միայն այս դրվագով չի սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում պետք է հստակեցվի նաև Տարոն Չախոյանի մասնակցությունը մեկ այլ բախման։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ, ըստ տեսագրությունների վերաբերյալ ընդդիմադիր կողմի մեկնաբանության, Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին։

Հենց այս դրվագով էլ ընդդիմադիրները փորձում են հիմնավորել, որ ծեծկռտուքի ընթացքում բռնություն կիրառել է նաև ՔՊ պատգամավորը։ Նրանց մատնանշած կադրերում երևում է նաև Նարեկ Կարապետյանի ճակատի կարմրած հատվածը։

Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ի հրապարակային միջադեպի շուրջ ձևավորվել է երկու հակադիր վարկած։ Իշխանական կողմի ուշադրության կենտրոնում Գառնիկ Դավթյանի գործողություններն են, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ բախման սկիզբը դրել է Տարոն Չախոյանը՝ վիրավորանքներ հնչեցնելով և հետագայում նաև ֆիզիկական ուժ կիրառելով։

 

Թե կողմերից որի ներկայացրած վարկածն է համապատասխանում իրականությանը, պետք է պարզվի քրեական վարույթի շրջանակում՝ տեսագրությունների, մասնակիցների ցուցմունքների և մյուս ապացույցների համադրմամբ»։

Send