Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների անուններ, Կոտայքը հայտնվում է Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության «գոտում». Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե նշանակելու որոշում կայացնեն` չունենալով սահմանադրական մեծամասնություն։

Մենք երեկ նկարագրել էինք Փաշինյանի ճանապարհային քարտեզն այս հարցում, սակայն ՔՊ խմբակցությանը դեռ ոչինչ չի ասվել: Իսկ իշխող ֆրակցիայում խուլ բողոք կա խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից, երանությամբ են հիշում նրա նախորդ Հայկ Կոնջորյանին, որը պարբերաբար քաղաքական լիկբեզ էր անցկացնում ֆրակցիայի հետ, թե ինչն ինչպես է, իսկ Մանավազյանը, նրանց խոսքով, միայն որպես ներկա-բացակա անող եւ քվեարկության կանչող վերակացու է աշխատում։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ կոչ էր արել քաղաքացիներին տեղեկացնել ընտրությունների պատճառով ճնշումների ենթարկվելու կամ աշխատանքից ազատվելու դեպքերի մասին՝ ուղարկելով համապատասխան փաստերն ու հիմնավորումները: Հետագայում իր տեսաուղերձում նա տեղեկացրել էր, որ արդեն իսկ ստացել է առաջին արձագանքները, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից է և ներկայում ուսումնասիրվում է:

«Փաստի» տեղեկություններով, խոսքը պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի մասին է: Վերջինս իր տեսաուղերձում պնդել է, որ Ստեփանավանում և այլ համայնքներում մի շարք քաղաքացիներ աշխատանքից ազատվել են կամ ենթարկվել վարչական ճնշումների բացառապես քաղաքական պատճառներով: Որպես կոնկրետ օրինակ՝ պատգամավորը նշել է Ստեփանավանի Ամալ յա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանի դեպքը, որին, ըստ նրա, աշխատանքից հեռացրել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու պատճառով՝ պատճառաբանելով, թե ում հետ նկարվել է, թող նա էլ աշխատանք տա:

Բացի այդ, Գևորգյանը բարձրաձայնել է Ստեփանավանի պոլիկլինիկայի երկարամյա աշխատակիցներ, բուժքույրեր Մանուշակ Լալազարյանի և Օլգա Սահակյանի մասին, որոնք նույնպես դուրս են մնացել աշխատանքից քաղաքական հայացքների կամ ղեկավարության ճնշումների հետևանքով: Պատգամավորի խոսքով, նման դեպքերը բազմաթիվ են, և աշխատանքից ազատվել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես արմատներով Տաշիրից են: Նա նաև հիշատակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շուրջ 20 տարի աշխատած Կարինե Մուրադյանի դեպքը՝ առաջարկելով մանրամասների համար դիմել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամիսներ շարունակ թափուր մնացած՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ իշխանական ներքին պայքարն ավարտվել է․ ՔՊ վարչությունն ընտրել է նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նշանակման հարցում առանցքային դերակատարում է ունեցել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամիսներ շարունակ քննարկումներ են ընթացել։ Տարբեր թեկնածուներ են դիտարկվել, սակայն իշխանական թիմը երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել․ հարմար թեկնածու չկար։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր պաշտոնից ազատվել է 2026 թվականի հուլիսի 31-ից՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ստանձնելու կապակցությամբ։ Այսպիսով՝ մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ երկուսուկես ամիս։

Եվ ահա, հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում վերջապես որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրել ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս երեկ վայր է դրել պատգամավորական մանդատը։

Սակայն այս նշանակման հետևում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, միայն կադրային որոշում չէ, այլև ներիշխանական ազդեցության հարց։

Մարզպետի պաշտոնի համար տարբեր թեկնածուների պայմաններում այս պայքարում հաղթող է դուրս եկել Ռոմանոս Պետրոսյանը։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ջանքեր է գործադրել իր կադրին՝ Լիլիթ Ստեփանյանին, մարզպետ դարձնելու համար։

Հիշեցնենք նաև, որ երբ Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր, Լիլիթ Ստեփանյանը մարզպետարանի Կրթության և մշակույթի վարչության պետ էր նշանակվել, ապա Պետրոսյանի միջնորդությամբ՝ Հրազդանի համայնքապետի ժ/պ՝ մինչև ՏԻՄ ընտրությունները»։

Send