Արխիվային լուսանկար
Մի քանի օր առաջ համացանցում տարածվեցին տեսանյութեր, որտեղ Հանրապետության հրապարակում սկսում են գլխավոր տոնածառը զարդարել։ Փաստացի, դեկտեմբերի 14-ին եղավ մեծ միջոցառում՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, իսկ օրեր անց Երևանի քաղաքապետարանն որոշեց զարդարել Երևանի գլխավոր տոնածառը։
Ստացվում է, որ տոնածառի ամբողջական ձևավորումն ավարտված չի եղել նույնիսկ լույսերի վառման հանդիսավոր արարողության պահին։
MediaHub-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից հասկանալ, թե ինչո՞ւ բուն միջոցառումից հետո նոր որոշեցին զարդարել տոնածառը․ MediaHub-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ։
«Տոնածառի կարկասի վրա տեղադրվում են ճյուղեր, լույսեր, ապա նոր խաղալիքները։ Այս տարի կարկասային մասը չենք փոխել, քանի որ լավ վիճակում էր, իսկ ճյուղերը և լույսերը փոխել ենք, նորն ենք պատվիրել, զարդարանքը իրականացված է նոր լույսերով և ճյուղերով, բավականին վնասված էին՝ դեռ 2018 թ-ին էինք գնել, ճյուղերը նոսրացել էին, գույնները փոխվել, լույսերի հոսանքի լարերը շատ էին վնասվել, այժմ շատ լավ որակի են, այժմ տարբերությունն ակնհայտ է, թե՛ լույսերի, թե՛ ճյուղերի»,- նշեց Առաքելյանը։
Իսկ ահա, ինչո՞ւ են որոշել գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից հետո նոր զարդարել տոնածառը, քաղաքապետարանից նշեցին․ «Փորձնական մենք ուզեցինք հասկանալ՝ արդյո՞ք առանց խաղալիք ավելի սիրուն կլինի տոնածառը, ավելի արտահայտիչ, քանի որ խաղալիքների տեղադրելը տևում էր մեկ օր, և հետո կկարողանայինք մեկ օրում խաղալիքներն ավելացնել»։ Որոշ արձագանքներ հաշվի առնելով, ինչպես նաև մեր ուսումնասիրության արդյունքում՝ որոշեցինք խաղալիքներն էլ ավելացնել, և կարծես այսպես ավելի գեղեցիկ է։ Նպատակն եղել է՝ նոր ճյուղերի, լույսերի առկայության պարագայում հնարավոր է տոնածառն առանց խաղալիք ավելի արտահայտիչ, ավելի գեղեցիկ տեսք ունենար»,- ասաց Առաքելյանը։
Որքա՞ն գումար է ծախսվել նոր լույսերի ճյուղերի համար․ MediaHub-ի հարցին Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետը պատասխանեց․
«Ընդհանուր մայր տոնածառի նոր ճյուղերի և լույսերի, ինչպես նաև վարչական շրջաններում տեղադրվող տասը տոնածառների նոր լույսերի և նոր գագաթների ամբողջն իրար հետ ձեռք ենք բերել 57 մլն 645 հազար դրամով»։
Մարիաննա Արամյան

Русский