Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե ձեր տունը գտնվում է Հայաստանում, դեռ փաստ չէ, որ ՀՀ բնակիչ ենք. Փաշինյանը կարող է տեղարաշժել տարածքները, ու դուք հայտնվեք Ադրբեջանի կազմում

Blog Image

Երբեմն տպավորություն է, որ այս իշխանությունները տառապում են որևէ պաթոլոգիայի հասնող իդեաֆիքսով, ու կարևորը ոչ այնքան դրա բովանդակությունն է, որքան առկայությունը։ Կարևոր չէ, թե ինչ իդեաֆիքս է, կարևորը՝ անպայման այն լինի որպես սնուցման աղբյուր։

Ներկայումս ՔՊ-ական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ֆիքսվել է 29 743 քառակուսի կիլոմետրի վրա, այսինքն՝ ֆիքսվել է կոնկրետ թվի, այլ ոչ տարածքների վրա։ Ցանկացած առիթով, ցանկացած հարցի դեպքում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները շեշտում են, որ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր է, ու երբեմն առաջանում են հիմնավոր կասկածներ՝ արդյո՞ք այս իշխանության համար կարևոր է, թե որտեղ են իրենց մատնանշված քառակուսի կիլոմետրերը, թե՞ կարևոր է, որպեսզի այդ թիվը չխախտվի։

Օրինակ՝ այդ նույն տրամաբանության մեջ էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մենք պետք է կամ կարող ենք տեղաշարժել տարածքները ու պահպանել 29 743 քառակուսի կիլոմետրը։ Նման ձևակերպումն անհեթեթ է ու զուրկ քաղաքական բովանդակությունից։ Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն ու դրանց արդյունքները կարող են մեզ շահեկան չլինել, բայց դրա բովանդակությունը հասկանալի է մարդկանց։ Անկլավների հանձնումն ու փոխանակումը նույնպես կարող են ի վնաս մեզ լինել, բայց դրանք նույնպես հասկանալի են։ Սակայն ի՞նչ է նշանակում տարածքների տեղաշարժ։ Ի՞նչ կարող է հասկանալ հասարակությունը՝ «տարածքների տեղաշարժ» ասելով։ Եթե չհաշվենք երկրաբանական պատճառները, երբ տարածքները փոփոխության են ենթարկվում երկրաշարժերի կամ հրաբուխների պատճառով, ապա քաղաքական առումով տարածքները կարող են «տեղաշարժվել» միայն այն դեպքում, երբ փոխվում են պետության սահմանները։

Այսինքն՝ մարդը, որն ապրում է Հայաստանի սահմանամերձ հատվածում (երբեմն էլ սահմանից համեմատաբար հեռու), տարածքների այդ «տեղաշարժման» արդյունքում կարող է հայտնվել Ադրբեջանում։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը 29 743 կիլոմետրի պահպանումն է, իսկ թե ինչ տեսք կունենա Հայաստանի Հանրապետությունը՝ «երկրորդական» հարց է։

Շատ ավելի հավանական է, որ տարածքները «տեղաշարժվեն» այնպես, որ Հայաստանը՝ պահպանելով Փաշինյանի քառակուսի կիլոմետրերը, ընդհանրապես զրկվի «շնչառությունից», այսինքն՝ կորցնի իր բոլոր ստրատեգիական կարևորության բարձունքները, ամբողջովին հայտնվի թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ, բայց պահպանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը։

Թվերի նկատմամբ այս իդեաֆիքսն արտահայտվում է բոլոր ՔՊ-ականների մոտ ու բոլոր հարցերում։ Օրինակ՝ այսօր լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարցնում են Շիկահողի արգելոցի տարածքներ ադրբեջանցիների ներխուժման ու այնտեղ ապօրինի ծառհատումներ կատարելու մասին։ Ընդ որում՝ հարցը տրվում է այն ժամանակ, երբ Հայաստանում ընթանում է COP17-ը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանը։ Ու Գևորգ Պապոյանը, փոխանակ դատապարտի ապօրինի ծառհատումները, քանի որ COP17-ում քննարկվում են հարցեր՝ ուղղված ոչ միայն բուն Հայաստանի բնությանը, այլև ողջ աշխարհին, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 կիլոմետր է, ու իրենց չի հետաքրքրում այդ կիլոմետրերից դուրս։ Այսինքն, նախ՝ ՀՀ իշխանությունն արդեն Շիկահողը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի մաս, երկրորդը՝ COP17-ի ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Հայաստանը ներկայացնող մյուս պաշտոնյաների խոսքերը կեղծ են, քանի որ նրանց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում բնության հետ՝ 29 743 քառակուսի կիլոմետրից անդին։

Կարեն Կարապետյան

Send