Մոսկվան ցավով է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաև նշել է, որ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հերքում, թե «Ռուսաստանը հիբրիդային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»։
«Սա կարող է միայն տարակուսանք առաջացնել։ ԵՄ-ի հետ մերձեցումն իր հետքն է թողնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում «Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն է միջոցներ տրամադրում դրա համար։ Վերջերս հայտարարվեց 15 միլիոն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին վաստակել այս փողի յուրաքանչյուր ցենտը»,- ընդգծել է նախարարը։
Լավրովը նշել է, որ Երևանը պետք է դիտարկի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին հայտարարությունները։
«Եթե Կալլասը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրականացվի մոլդովական սցենարը, ապա եթե ես լինեի հայ հասարակության տեղը, լրջորեն կքննարկեի դա»։
Նախարարը նշել է, որ «մոլդովական սցենարը» ենթադրում է ամենակոպիտ ընտրակեղծիքներ, և որ գործող նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը պարտվել է երկրի ներսում՝ ստանալով ձայների ընդամենը 44%-ը, և կարողացել է իր հաղթանակի մասին հայտարարել միայն Եվրոպայի ընտրատեղամասերում կոպտագույն մանիպուլյացիաների շնորհիվ։

Русский