Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ընդդիմադիր կուսակցության համանախագահ Տինո Կրուպալլան կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ իրականացված դիվերսիայի վերաբերյալ և վերականգնել գազատար համակարգը։
«Չորս տարի առաջ Գերմանիայի էներգետիկ անկախության հակառակորդները պայթեցրին «Հյուսիսային հոսք» գազատարները. ընդհատվեց գերմանական արդյունաբերության կենսական նշանակություն ունեցող զարկերակը։ AfD-ն պահանջում է, որ այս ահաբեկչական գործողությունը հետաքննվի միջազգային, ազգային և եվրոպական մակարդակներով», - նշել է Լրուպալլան X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս հանցագործության համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Բացի այդ, AfD-ի առաջնորդը կոչ է արել վերանորոգել վնասված գազատարները, վերականգնել դրանց անվտանգությունը և վերսկսել մատակարարումները։ ««Հյուսիսային հոսքը» պետք է վերանորոգվի, գործարկվի և պաշտպանվի», - եզրափակել է գերմանացի քաղաքական գործիչը։
Դեպի Եվրոպա ուղղվող ռուսական արտահանման երկու գազատարների՝ «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ուղղված պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել դիտավորյալ դիվերսիայի վարկածը։ Գազատարի օպերատոր «Nord Stream AG»-ն նշել է, որ գազատարներին հասցված վնասն աննախադեպ է, և անհնար է գնահատել վերանորոգման ժամկետները։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության փաստով։

Русский