Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում, Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4,5%՝ փետրվարի 4,3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։

Անդրադառնալով վիճակագրական այս ցուցանիշին՝ «Լույս» հիմնադրամը նշում է, թե սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով. «Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6,5 % մակարդակում»։

Վերոնշյալ ցուցանիշն ինքնին անհանգստացնող է, սակայն բանն այն է, որ առավել անապահով խավերի համար գնաճն ավելի առարկայական ու շոշափելի է զգացվում: «Վիճակագրական» գնաճն իր մեջ ներառում է տարբեր ապրանքախմբերի գների շարժը, և շատ հաճախ ոչ առաջնային սպառման մի շարք ապրանքներ կարող են ավելի նվազ թանկանալ կամ ընդհանրապես չթանկանալ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանան ավելի մեծ չափով: Հենց այդպես էլ գրեթե միշտ լինում է Հայաստանում, վերջին շրջանում՝ առավել ևս: Անզեն աչքով էլ նկատելի է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները վերջին տարիներին սրընթաց աճում են՝ խորացնելով հատկապես անապահով խավի առանց այն էլ ոչ բարվոք վիճակը: Իսկ եթե հավելենք, որ ապրիլի ընթացքում նոր թանկացումներ են արձանագրվել՝ վառելիքի, բանջարեղենի, մսի և այլն, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Մի խոսքով, իշխանություններն ու նրանց «կից» անձինք հարստանում են, իսկ ժողովուրդը գնալով ավելի է աղքատանում:

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցից երեկ անակնկալի էին եկել նաեւ ՔՊ-ական պատգամավորները։

Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։ Սակայն ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերում, այլ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստանում բնակեցնելուն։

Տեղեկությունների համաձայն, Մուստաֆաեւի հետ ադրբեջանցի գործարարներ էլ են ժամանել Հայաստան, եւ Աղվերանի «Աբրիկոտ» ռեստորանում հայ կոլեգաների հետ հանդիպում է կայանալու՝ երկկողմ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Հայկական կողմից հիմնականում այն գործարարներն են եղել, ովքեր վերջերս մասնակցում էին Փաշինյանի հետ նախաճաշին։ Սա ավելի շատ ստուգողական այց է, փորձում են հայ ժողովրդի ռեակցիան ստուգել, այլ կերպ ասած՝ ադապտացնել հետագայում ադրբեջանցիների հետ համակեցության մտքին։ Խոսվում է, որ գործընթացը կմեկնարկի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի։

Send