Հունվարի յոթին MediaHub-ը հրապարակում էր արել՝ բարձրաձայնելով քաղաքացու կողմից մեզ հայտնած տեղեկատվությունը «Ռան Օիլ» բենզալցակայաններում քաղաքացիներին բենզինի ծագման երկրի վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրելու մասին։ Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացուն բենզալցակայանի աշխատակիցը հայտնել էր, թե իրենց վաճառած վառելիքը ոչ թե ադրբեջանական է, այլ՝ բուլղարական։ Մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նույն ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր, որ իրացվում է ադրբեջանական ծագման բենզին։
Հրապարակումից հետո մեր խմբագրությունը գրավոր հարցում էր ուղարկել «Ռան Օիլ» ընկերությանը՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք ընկերությունը, ադրբեջանական վառելիքից բացի, ներմուծում և վաճառում է նաև այլ երկրներից, այդ թվում՝ Բուլղարիայից բերված բենզին։ Մինչ այս պահը պաշտոնական պատասխան դեռևս չենք ստացել։
Միևնույն ժամանակ, փորձելով պարզել իրավիճակը տեղում` մենք զրուցել ենք «Ռան Օիլ» բենզալցակայանից օգտվող քաղաքացիների հետ։ Պարզվեց՝ մեքենաների լիցքավորողների մեծ մասը չի էլ հետաքրքրվել, թե որ երկրի վառելիքն է լցվում իրենց մեքենաները։
«Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ հարցրել՝ բենզինը որ երկրի արտադրության է։ Ինձ համար կարևոր է, որ մեքենան նորմալ աշխատի, խնդիր չլինի, վառելիքն էլ էժան լինի»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։
Կային նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրվել են, թե ինչ ծագման վառելիքով է լիցքավորվում իրենց մեքենան։
«Հետաքրքրվել եմ, հարցրել եմ աշխատակցին, ասել են՝ ադրբեջանական բենզին է։ Այլ տարբերակ չեն նշել»,- ասաց մեկ ուրիշ վարորդ։
Մեր կողմից հարցված քաղաքացիներից ոչ մեկին բենզալցակայանում բուլղարական բենզինի վաճառքի մասին որևէ բան չեն ասել։ Ընդհակառակը՝ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվել են վառելիքի ծագմամբ, ստացել են նույն պատասխանը՝ վաճառվողը ադրբեջանական բենզին է։
«Եթե ուրիշ երկրի լիներ, երևի կասեին։ Ինձ ասել են՝ ադրբեջանական է, ես դրանով էլ առաջնորդվել եմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Փաստացի, ընկերությունը ինչպես և հայտարարել էր, վաճառում է ադրբեջանական բենզին, իսկ մեր նախորդ նյութի համար հիմք հանդիսացած ահազանգն, ըստ էության, եզակի դեպք էր, և դրա հիման վրա չենք կարող ասել, թե ընկերության աշխատակիցները ստում են քաղաքացիներին՝ ասելով, թե իրենք ադրբեջանական բենզին չեն վաճառում։

Русский