Եվրոպական խորհրդարանի շենքում (Ֆրանսիա, Ստրասբուրգ քաղաք) ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մերկ ոսկեզօծ արձանը, որում նա ձեռքին գոլֆի ձող է պահում և նստած է մեկ այլ տղամարդու ուսերին։
«Նարնջագույն ժանտախտ» (The Orange Plague) անվանումը կրող քանդակը հայտնի է նաև «Անարդարության թագավոր» անունով։ Ըստ դանիացի նկարիչ և քանդակագործ Յենս Գալշիոտի կայքի՝ այն պատրաստված է պղնձից և 23-կարատանոց ոսկուց։ Արձանի բարձրությունը 2,6 մետր է։
Գալշիոտը բացատրել է, որ քանդակը Թրամփին ուղղված սատիրա է, որը թիրախավորում է նրա հարձակումները «կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի» դեմ և նրա դիրքորոշումը կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Քանդակագործը նշել է, որ ոգեշնչվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Կայսրի նոր զգեստը» հեքիաթից։ Հեքիաթում թագավորին խաբեությամբ համոզում են, թե նա «անտեսանելի զգեստ» է կրում, իսկ պալատականները չեն համարձակվում նշել, որ նա մերկ է։ Ի վերջո, թագավորին մերկ վիճակում բացահայտում է մի երեխա՝ բղավելով. «Բայց չէ՞ որ թագավորը մերկ է»։
«Der Spiegel»-ը նշել է, որ արձանը ներկայացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, և ցուցադրվելու է մինչև հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ը։ Այնուհետև այն կուղարկվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 31-րդ համաժողովին (COP31), որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում՝ նոյեմբերին։ Գալշիոտին քանդակը ներկայացնելու համար հրավիրել էր Պեր Կլաուսենը՝ Եվրախորհրդարանի դանիացի պատգամավոր, ով ներկայացնում է ձախակողմյան «Կարմիր-կանաչ դաշինք» (Red-Green Alliance) կուսակցությունը։

Русский