Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մադրիդում անկարգություններ են սկսվել Տոլեդո նահանգում գնացքների մահացու բախումից հետո

Blog Image

Չորեքշաբթի երեկոյան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անկարգություններ են սկսվել՝ Տոլեդո նահանգում գնացքների բախումից հետո։ Մոտ 1500 մարդ հավաքվել է Տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության և տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։

Ցուցարարները ողբերգության համար պատասխանատու են համարել իշխանություններին՝ մեղադրելով նրանց լուրջ թերացումների մեջ։ Ըստ RMF24-ի՝ ցույցում գերակշռել են ծայրահեղ աջ խմբավորումները։ Իսպանական TVE հեռուստաալիքը հայտնել է, որ ցուցարարները հրաժարվել են հեռանալ տարածքից, և նախարարության մոտ լարված իրավիճակը պահպանվել է մինչև ուշ գիշեր։

Չորեքշաբթի առավոտյան Տոլեդո նահանգի Ուրդա քաղաքում բախվել էին երկու արագընթաց գնացքներ։ Զոհվել է առնվազն 68 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում է եղել Ֆատիմա Բանյեսը՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարարը, ով ներկայացրել է ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը»։

Նախնական տվյալներով՝ պետական ​​«Renfe» ընկերությանը պատկանող գնացքին թույլատրվել է շարունակել ընթացքը՝ չնայած կարմիր ազդանշանին, որը զգուշացնում է գծի վրա մեկ այլ գնացքի առկայության մասին։ Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն միջադեպը որակել է որպես պրոտոկոլի «անբացատրելի» խախտում, որը տեղի է ունեցել տեղեկատվական համակարգի խափանման հետևանքով։ Նա ողբերգության հավանական պատճառ է նշել մարդկային գործոնը (սխալը)։

Send