Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում, Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:

Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:

Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:

Դրանով նախ արտերկրում գտնվող Հայ առաքելական եկեղեցու թեմերի աշխատանքը կաթվածահար կանեն եւ մեծ ռեսուրսներ կխլեն փաստաբանական եւ այլ ծառայությունների հետ կապված: Բարձր վարձատրություն եւ այլ արտոնություններ են խոստանում այն անձանց, ովքեր կմասնակցեն փաշինյանական այս ծրագրի իրականացմանը:

Մեր աղբյուրը պատմում է, որ հետախուզական այս փուլի աշխատանքները համակարգում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի մեջ ներգրավված են ծառայությունների ղեկավարների տեղակալները` Արման Բոշյանը, Մութալու Տոկայը եւ Զաուր Իսմայիլովը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, մարտի 28-ին՝ Ծաղկազարդի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը և քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։

Send