«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։
Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։
Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։
Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։
Այս փուլում, մեր տեղեկություններով, բավականին թեժ մրցակցություն է ընթանում վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու եւ որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու եւ որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա:

Русский