ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացել է հայազգի հայտնի գործարար, հասարակական գործիչ և Ռոդ Այլենդ նահանգի նախկին օրենսդիր Արամ Կարապետյանը (Aram Garabedian)։ Նա կյանքից հեռացել է հոկտեմբերի 30-ին՝ Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի դեմ ութամյա պայքարից հետո։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։
Արամ Կարապետյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում՝ հայ ընտանիքում։ Նրա մայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր։ Կարապետյանը կրթություն է ստացել Մենի համալսարանում, որից հետո ծառայել է ԱՄՆ բանակում՝ հասնելով առաջին լեյտենանտի կոչման։
Նա իր քաղաքական գործունեությունը սկսել է 1966 թվականին՝ ընտրվելով Քրանսթոն քաղաքի կրթական խորհրդի անդամ։ Հետագայում աշխատել է Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում և Սենատում, իսկ 2005-2008 թվականներին զբաղեցրել է Քրանսթոնի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը։
Քաղաքական գործունեության ընթացքում Կարապետյանը կարևոր դեր է ունեցել կրթության, սոցիալական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման գործում։ Մասնավորապես, նա աջակցել է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և մարդկության դեմ այլ հանցագործությունների վերաբերյալ կրթությունը խթանող օրենքի ընդունմանը։
Գործարարության ոլորտում Կարապետյանը հայտնի էր որպես Bliss Properties անշարժ գույքի կառավարման ընկերության նախագահ և Warwick Mall առևտրի կենտրոնի համակառավարող գործընկեր։ Նա նաև աշխատել է դեղագործական ոլորտում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ Nature’s Bounty ընկերությունում։
2010 թվականին Ռոդ Այլենդում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով Warwick Mall առևտրի կենտրոնը զգալի վնասներ էր կրել։ Կարապետյանի ղեկավարությամբ կենտրոնը վերականգնվել և վերաբացվել է ընդամենը 144 օր անց՝ չնայած միլիոնավոր դոլարների հասնող վնասներին։
Նա ակտիվորեն ներգրավված էր նաև բարեգործական և հասարակական նախաձեռնություններում։ Կարապետյանն աջակցել է Կարմիր խաչի, տարեցների աջակցության և կրթական մի շարք կազմակերպությունների գործունեությանը։ Նրա ջանքերով ֆինանսավորում է ապահովվել նաև Փրովիդենսում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հուշարձանի կառուցումն ավարտելու համար։
Կարապետյանը կարևոր դեր է ունեցել ամերիկահայ համայնքի կյանքում՝ աջակցելով հայկական կազմակերպություններին, եկեղեցիներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնություններին։
2012 թվականին նա ընդգրկվել է Ռոդ Այլենդի փառքի սրահում (Rhode Island Heritage Hall of Fame)՝ գործարարության, հանրային կառավարման և բարեգործության ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սեթ Մագազիները ցավակցական հայտարարությամբ անդրադարձել է Կարապետյանի մահվանը՝ ընդգծելով նրա ներդրումը նահանգի հասարակական և տնտեսական կյանքում։ Նրա խոսքով՝ Կարապետյանի թողած ժառանգությունը կպահպանվի սերունդների համար։
Քրանսթոնի քաղաքապետ Քեն Հոփքինսի կարգադրությամբ քաղաքի դրոշները խոնարհվել են՝ ի հիշատակ Կարապետյանի և ի նշան հարգանքի նրա երկարամյա հասարակական ծառայության։
Արամ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 4-ին Քրանսթոնում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ նոյեմբերի 5-ին Փրովիդենսի Սուրբ Վարդանանց հայկական առաքելական եկեղեցում։

Русский