Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վենսի այցը Հայաստան․ սպասումները, մտահոգություններն ու քաղաքական արձագանքները

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան և Ադրբեջան քաղաքական լայն քննարկումների առիթ է դարձել։ Այցը ոչ պաշտոնական աղբյուրներում ներկայացվում  է որպես աջակցություն անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված «խաղաղության» համաձայնագրին, սակայն դրա կոնկրետ օրակարգն ու հնարավոր արդյունքները դեռևս չեն ներկայացվել։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ այս փուլում վաղ է խոսել այցի արդյունքների մասին։

«Նախ պետք է այցը կայանա և հնչեն Վենսի հայտարարությունները, միայն դրանից հետո կարելի կլինի քաղաքական հետևություններ անել։ Եթե այցը դեռ չի եղել, արդյունքների մասին ինչպես կարող ենք խոսել»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Դանիելյանը։

Միևնույն ժամանակ, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում հստակ չի հայտարարվել, թե ինչ ակնկալիքներ կաբ այցից, սակայն ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ հայտարարել են ակցիաներ անցկացնելու մասին՝ հայ գերիների և այլ խնդիրները միջազգային ուշադրության կենտրոնում պահելու նպատակով։ 

Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմության ակտիվությունը պայմանավորված է ԱՄՆ-ի ազդեցությամբ՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում։ 

«Միացյալ Նահանգների ազդեցությունը մեծ է ամբողջ աշխարհում, նաև մեր տարածաշրջանում, և հաշվի առնելով TRIPP-ի  շուրջ գնացող զարգացումները, իսկ դա աշխարհաքաղաքական պրոյեկտ է, այդ առումով բնականաբար Վենսի այցից առաջ կարելի է նման հայտարարություններ անել։ Առավել ևս, որ Վենսը ներկայանում է որպես քրիստոնեական արժեքները կրող քաղաքական գործիչ, և քանի որ Հայաստանում, մասնավորապես, եկեղեցին հալածվում է, կան բազմաթիվ քաղբանտարկյալներ՝ այդ թվում նաև հոգևորականներ, կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտի նման հայտարարություններն ու ուղերձները տեղին են»,- հավելեց քաղաքագետը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունից արդեն հաստատել են, որ այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան պաշտոնական հայտարարություններով։ Հենց այդ հայտարարություններից հետո էլ, փորձագետի կարծիքով, հնարավոր կլինի ավելի հստակ գնահատել այցի իրական նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանի համար։

 Ալիտա Եղիազարյան

Send