Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները, ՔՊ-ում դժգոհում են, որ վերնախավը կտրված է իրականությունից. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի ու ապօրինի կերպով Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար հող hանձնվեց Ադրբեջանին։

Այդ հողերի սեփականատերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ առաջարկեցին։ Կիրանցից 6 ընտանիք սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց, ասելով, որ դեմ են հերոսների արյամբ, նրանց կյանքի գնով պաշտպանած հողերը Ադրբեջանին հանձնելուն եւ հողի դիմաց փող վերցնելը բարոյական չէ։ Իսկ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացած բնակիչներն արդարանում են, որ իրենք իրենց հողերը հանձնել են ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը, պետությանը եւ ՀՀ պետությունն է իրենց փոխհատուցում վճարել։

Կառավարությունը վաղ թե ուշ պետք է պատասխանի հարցին, թե ինչի դիմաց են հանձնվել այդ հողերը։ Եւ ինչու են հանձնվել՝ եթե ամբողջական սահմանազատում կատարված չէ եւ հայտնի չէ, թե ինչ քարտեզների հիման վրա է դա կատարվելու։ Բացի այդ՝ մեր սուվերեն տարածքից երբ են հակառակորդի զորքերը դուրս գալու եւ մեզ անվիճելիորեն պատկանող հողերը հետ վերադարձնելու։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն վերցնելու մասին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մեծախոս հայտարարությունների հետեւում, պարզվում է՝ թաքնված է իրենց շանսերի վրա խիստ կասկածող եւ պարտություն կանխատեսող շարքային կուսակցականների մի մեծ բազմություն։

Մասնավորապես, հատկապես կասկածներ ունեն ՔՊ նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայն բերողներն են համարվում։

Ըստ մեր իշխանական աղբյուրի, շտաբի պետերն ընդհանուր «չաթ» ունեն եւ գրեթե ամենօրյա ռեժիմով այստեղ քննարկում են իրենց խնդիրները, կիսվում են իրենց կասկած-մտահոգություններով։

Չաթում է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի պետ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը փորձում է խեղդել կասկածի որդը եւ հավատ ու ոգեւորություն փոխանցել շտաբի շարքային պետերին։

Օրերս նա մի բոցաշունչ տեքստ է գրել չաթում՝ փորձելով փարատել թիմակիցների կասկածները, վստահեցրել է, որ իրենց շանսերը շատ մեծ են, կասկած թող չունենան հաղթանակի հարցում։ Սակայն մարզային եւ տեղական շտաբի պետերը դրանից չեն մխիթարվել, քանի որ գետնի վրա են կանգնած եւ առանձին զրույցներում սկսել են դժգոհել, թե վերեւներում իրականությունից կտրված են եւ ամեն ինչ անում են, որ վիճակն ավելի վատանա՝ «իշխանությունն ինքն իր դեմ քայլեր է անում․ մե՛կ նոր անձնագրերի թեման, մե՛կ ադրբեջանցիների այցելությունը, իրենք մեզ խանգարում են, հետո մեզնից են արդյունք պահանջելու»:

Send