Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի, բաժնի պետի տեղակալ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մուրադ Երվանդյանը և պարեկ Աստվածատուր Հակոբյանը։Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Նվեր Բ․-ն է, ով ժամը 16։40-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 1-ին փողոցի նրբանցքներից մեկի բակում հարթ հատակի բետոնապատումից հետո ուղղորդիչ մետաղական խողովակը (մայակ) բարձրացնելու ժամանակ խողովակի ծայրը առնչվել է վերևով անցնող բարձրավոլտ լարի հետ, ինչի արդյունքում հոսանքահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Русский