2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին Արցախն ընդունեց իր վերջին մարտը՝ ամիսներ շարունակվող շրջափակման, սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել էր Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Մեկ օր տևած ռազմական գործողությունների ընթացքում գրեթե անընդհատ հրթիռակոծություն էր։ Թիրախում միայն ռազմական օբյեկտները չէին, այլև խաղաղ բնակչությունը, որն արդեն ամիսներ շարունակ հյուծված էր շրջափակումից և սովից։
Արցախում զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ և 5 երեխա, վիրավորվեց 244-ը, իսկ 20 մարդ համարվեց անհետ կորած։
Սեպտեմբերի 20-ին, ռազմական գործողությունների դադարեցումից հետո, սկսվեց բանակցային փուլը։ Բաքուն որպես պայման առաջ էր քաշում հայկական զինված կազմավորումների զինաթափումն ու զինվորականների դուրսբերումը, ինչպես նաև զինամթերքի և տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 20-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այդ պայմանների ընդունման դեպքում ռազմական գործողությունները կդադարեցվեն, իսկ հաջորդ օրը Ստեփանակերտի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև բանակցություններ սկսվեցին Եվլախում։
Արցախի իշխանությունների համար այդ բանակցությունները, սակայն, այլևս ընթանում էին պարտված պատերազմի և ռազմական ճնշման պայմաններում։ Հաջորդ քայլը դարձավ Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը։ Սեպտեմբերի 21-ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվեց զինված կազմավորումների ամբողջական լուծարում և զինաթափում։ Փաստացի, արցախյան կողմը կանգնեց ամենածանր ընտրության առաջ՝ շարունակել ռազմական դիմադրությունը՝ արդեն գրեթե սպառված ռեսուրսներով, թե՞ դադարեցնել այն՝ փրկելու շուրջ 120 հազար բնակչության կյանքերը։
Եվ արցախցիները կանգնեցին այն ընտրության առաջ, որը որևէ ժողովուրդ չէր ցանկանա ունենալ։ Դրանով ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլև Արցախի հայկական պետական կառավարման ու պաշտպանության համակարգի գոյությունը։
Սկսվեց զանգվածային գաղթը։ Մարդիկ հեռանում էին՝ թողնելով տները, ունեցվածքը, նախնիների գերեզմաններն ու մի ամբողջ կյանք, և ամենակաթանկը՝ հողը։
Այս ողբերգության ֆոնին՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցավ հերթական ողբերգությունը․ վառելիքի պահեստի պայթյունից զոհվեց 219 մարդ, նրանց թվում՝ զինվորականներ, խաղաղ բնակիչներ, կանայք ու երեխաներ։
Տասնյակ մարդիկ զոհվեցին նաև Արցախից Հայաստան հասնելու ճանապարհին կամ արդեն Հայաստանում։
Հայաստան հասած մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի, կորստի, բռնի տեղահանության և ամիսներ շարունակված շրջափակման ծանր հետևանքները։ Նրանք նոր կյանք սկսեցին զրոյից՝ ապրելով կորստի, անորոշության, անհետ կորած հարազատների ճակատագրի և իրենց հայրենիքի կորստի հոգեբանական ծանրության պայմաններում։
Անկախ ՀՀ իշխանությունների Արցախի էջը փակելու որոշումից՝ Արցախը շարունակում է ապրել մարդկանց ամենաթանկ հիշողությունների մեջ։ Այն միայն անցյալի էջ չէ։ Այն դեռ չգտնվածների, իրենց հարազատների վերադարձին սպասող ընտանիքների, Բաքվի բանտերում գերության մեջ գտնվողների, կորցրած տների, դատարկված գյուղերի և իրենց կյանքը նորից կառուցել փորձող հազարավոր մարդկանց պատմությունն է։
Արցախի անկումը մեկ օրվա պատմություն չէր։ Այն սկսվեց շրջափակմամբ, շարունակվեց պատերազմով, ավարտվեց զինաթափմամբ ու բռնի տեղահանությամբ, բայց դրա հետևանքները այսօր էլ դեռ շարունակվում են։
Հունան Թադևոսյան

Русский