Այսօր ընդունել եմ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծեցինք Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման համար։
Ներկայացրի Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ ընդգծելով, որ մեր երկրների մասնագիտական կարողությունների համադրումը հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել համատեղ բարձրարժեք ինժեներական արտադրանքների ստեղծմանը։
Անդրադարձանք նաև Հայաստանի հնարավորություններին՝ հանդիսանալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար՝ նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում, ինչպես նաև ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությանը Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։
Քննարկեցինք նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։ Այս համատեքստում անդրադարձանք արդեն ձևավորված համագործակցություններին, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ ընթացիկ ծրագրերին ու դրանց զարգացման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին վերահաստատեցինք ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը»,-գրել է նա։

Русский