Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Մայր աթոռում տարբերակներ են քննարկել. կողմ են կոշտ պատիժներին, Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն՝ դրանք որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Հիշեցնենք, որ դեռև 2024 թվականի ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար: Սդ-ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով: Մեկ տարի անց ստացվել է Հանձնաժողովի կարծիքը, այն է՝ հավաքին մասնակցելու (հավաքին մասնակցելուց հրաժարվելու) նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին:

Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ-ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում: Մեր ունեցած տեղեկություններով, հասկանալով, որ այլ որոշում, քան հակասահմանադրական ճանաչելն է, հնարավոր չէ ընդունել, ՍԴ նախագահին դիմել է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարցի քննությունը առնվազն մինչև առաջիկա ընտրություններ ձգձգվի: Դա հնարավորություն կտա իշխանություններին՝ վիճահարույց այդ նորմը որպես մահակ կիրառել ընդդիմադիրների նկատմամբ, ինչպես արվել է մինչ այս: Հիշեցնենք, որ այդ հոդվածով «գործ» է կարվել բազմաթիվ ընդդիմադիրների, այդ թվում՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի և այլոց նկատմամբ:

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Մայր Աթոռը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-12-ը Եպիսկոպոսաց ժողով կկայանա, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլեւ՝ բոլոր թեմերի: Սակայն դեռ չեն գաղտնազերծում ժողովի օրակարգը` արդյո՞ք կդադարեցվի տիրադավ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը, կդրվի կոչումներից զրկելու հարցը: Հիշեցնենք, որ նման հորդորով են հանդես եկել Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները։

Մեր տեղեկություններով, Փաշինյանի հետ նրանց հանդիպումից հետո Մայր Աթոռում պատժի տարբերակներ են քննարկել, բայց վերջնական որոշման չեն հանգել՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Օրինակ, առաջարկել են ոչ թե կարգալույծ անել այդ հոգեւորականներին, այլ պաշտոնաթող անել, թեմական առաջնորդությունից զրկել, սակայն, հաշվի առնելով Հովհաննավանքի նախադեպը, երբ իրավապահներով ապահովում են վանքի զավթումն ու պահպանում կարգալույծ քահանային, կարծիք է հնչել, որ սրանց դեպքում էլ իշխանությունը կխրախուսի ապօրինությունը, եւ կարգալույծ եպիսկոպոսները դուրս չեն գա առաջնորդարաններից։

Առաջարկել են Վեհարանի տեսուչին կամ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկանին պաշտոնազրկել, սակայն դա էլ կնշանակի նույն հանցանքին ընտրովի մոտեցում ցուցաբերել, ուստի որոշել են հարցը թողնել Եպիսկոպոսաց ժողովի քննությանը։ Բարձրաստիճան հոգեւոր դասը կողմ է կոշտ պատիժներին: Ասում են՝ դանակը ոսկորին է հասել․ իշխանությունը խախտել է բոլոր կարմիր գծերը, ներողամտության տեղ չի թողել:

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետեւյալն է․ եպիսկոպոսաց դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետ պարտադրել Վեհափառի հրաժարականը։

Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգեւորական է միացել, մի քանի քահանաներ: Իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք: Սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգեւորականի աջակցություն։ Ի դեպ, անգամ այդ պարագայում չեն կարող երազել Վեհափառի գահընկեցության մասին, քանի որ, եկեղեցական կանոնակարգով, այդ հարցը քննարկում է Եպիսկոպոսաց ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է: Եվ եթե Վեհափառը որոշի դիմադրել ու չհեռանալ կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմ է, ժողով էլ չի հրավիրի։

Send