Հունիսի 7-ին տեղի են ունենալու ոչ միայն խորհրդարանական ընտրություններ, այլև մեր պետության մասնատման շարունակության կամ կասեցման «հանրաքվե»։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատեց, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։
Խոսելով Տիգրանաշենի մասին, նա արեց նույն հղումը Ալմա-Աթիի հռչակագրին, որը արել էր Արցախը հանձնելու պարագայում։ Արդեն իսկ պարզ է նաև նրա հետագա հռետորաբանությունը, որ Տիգրանաշենը երբեք չի եղել հայկական, որ այն Ադրբեջանի կազմում էր ճանաչվել դեռևս 1991 թվականին, այլ խոսքով Տիգրանաշենը հանձնվել էր դեռևս նախկին իշխանությունների, այն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հետևաբար ինքը ոչ մի կապ չունի հերթական հայրենահանձնման հետ։
Տիգրանաշենի ու Արցախի տարբերությունը լինելու է միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը այն կհանձնի սահմանազատման ու սահմանագծման արդյունքում, ինչպես եղավ Կիրանցի պարագայում։ Նա սկզբից Կիրանցը հռչակեց որպես ադրբեջանական տարածք, այնուհետև հանձնեց Ադրբեջանին։ Նույն ճակատագիրն էլ սպասվում է նաև Տիգրանաշենին։ Իսկ ինչո՞ւ է շրջանառվում հատկապես Տիգրանաշենի անունը, որը գտնվում է Արարատի մարզում։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսվել էր Տավուշի մարզին, ապա հաջորդը պետք է լիներ Գեղարքունիքը, հետո Վայոց ձորը, Սյունիքը, որին հետո նոր հերթը հասներ Արարատի մարզին։ Սակայն իրականում այդ «հերթականությունը» սահմանվում է Ալիևի կողմից ու առաջնահերթությունը տրվում է այն հատվածներին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն։
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսվեց Տավուշից, որովհետև կոտրելով Տավուշի պաշտպանական մեջքը, Ադրբեջանը ուղիղ վերահսկողություն սահմանեց հայ-վրացական ճանապարհին, նա գրավեց ռազմանավարակ կարևորագույն դիրքեր ու այդուհետ հայկական կողմից ցանկացած շարժ գտնվում է ուղիղ Ադրբեջանի վերահսկողության ու նշանառության տակ։ Նույնն էլ Տիգրանաշենի պարագայում է, մխրճվելով Արարատի մարզ, Ադրբեջանը նույն վերահսկողության ու նշանառության տակ է պահելու նաև հայ-իրանական շարժը, այսինքն բոլող կողմերից Հայաստանը վերցնելու է օղակի մեջ։ Նիկոլ Փաշինյանի այն փաստարկները, որ կա այլընտրանքային ճանապարհ, ընդամենը խղճուկ արդարացումներ են, քանի որ տվյալ պարագայում ճանապարհի կարևորությունը ոչ թե կայանում է ասֆալտի որակի, այլ ռազմավարական նշանակության մեջ։ Էլ չասած, որ հայրենիքը չեն մասնատում ու չեն հանձնում տարբեր արդարացումներով ու հղումներով։
Մնացյալ այն հատվածները, որոնք Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունեն, ապա այդ տեղերում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները կավարտվեն վերջում, գործընթացին «օրինական» ֆոն ապահովելու համար։
Իհարկե այս հարցում Նիկոլ Փաշինյանը շահարկում է Արծվաշենի վերադարձի թեման, փորձելով ստեղծել հայրենասերի տպավորություն ու նախապես արդեն հող է նախապատրաստում, որ եթե որևէ մեկը փորձի դեմ արտահայտվել այն գործընթացին, ապա դավաճան է։ Իհարկե Արծվաշենը նույնպես մեր հայրենիքն է և բոլորս սրտանց պետք է տոնենք, եթե այն վերադարձվի, սակայն եթե համենատում ենք, թե ինչն ինչի հետ է փոխանակվելու, ապա պարզ է դառնում, որ Արծվաշենի համար վճարվող գինը չափազանց մեծ է, անհամեմատելի ու չարդարացված։ Արծվաշենը չունի որևէ ռազմավարական նշանակություն, այն ամբողջովին շրջապատված է Ադրբեջանով ու եթե մենք Տիգրանաշենը փոխանակենք Արծվաշենով, ապա կկորցնենք մեր ռազմավարական դիրքերը, փոխարենը կտոնենք բարոյական հաղթանակ։
Կարեն Կարապետյան

Русский