«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական ֆրակցիայի միջին ու ստորին էշելոնները:
Բախտի բերմամբ, թե պատահմամբ պատգամավոր դարձածները, բառի բուն իմաստով, դեպրեսիայի մեջ են ընկել, արդեն պատկերացնում են, որ զրկվել են առաջիկա հինգ տարվա բարձր աշխատավարձից, գործուղումներից, արքայական կյանքից, եւ նոր փորձություններ են իրենց սպասվում։
Ոմանք էլ իրար հույս են տալիս, թե Փաշինյանի որ հայտարարությունն է իրականություն դարձել, որ սա դառնա․ պետք չէ շատ լուրջ վերաբերվել:
Ասում են, որ նա վաղուց հրշեջի կարգավիճակում է հայտնվել իրավիճակային հայտարարություններ է անում՝ փորձելով փրկել դրությունը, մարել կրակի օջախները, սա էլ հերթականն է։
Ոմանք էլ հույս ունեն, որ սա հերթական շանտաժն է ուղղված ընդդիմությանն ու հանրությանը, նրան կհաջողվի վախեցնելու, ճնշելու, մարդագողության միջոցով հասնել իր ուզածին, եւ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։
Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։
Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Փաշինյանը, ինչպես կարծում են իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, կարող է բավական կտրուկ որոշում կայացնել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր թիմի մի մասը նման զարգացումներին պատրաստ չէ»։

Русский