Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մնաց` Փաշինյան Նիկոլը հայտարարի հայերի կողմից ադրբեջանցիների ցեղաuպանության մասին

Blog Image

Մինչ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը փորձում է հայ ժողովրդին համոզել հրաժարվել Ցեղասպանության հանդեպ պահանջատիրությունից, մոռանալ մեր նկատմամբ քսաներորդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից  իրականացված սարսափելի ոճրագործության, հայրենազրկման մասին, չարծարծել այդ թեման ու մոռանալ նաև երբևէ Արցախ վերադառնալու մասին, Ադրբեջանն ակտիվորեն 1918 թվականին իբրև թե հայերի  կողմից կազմակերպված ադրբեջանցիների կոտորածի մասին զգայացունց հայտարարություններ է անում պաշտոնական մակարդակով, և դեռ միջազգային ատյաններից էլ պահանջում է այդ դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն։ Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն 1918-ի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հայտարարություն է արել՝ պնդելով, թե 108 տարվա վաղեմության այդ իրադարձությունների ընթացքում ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի մի շարք քաղաքներում «արմատական հայկական խմբավորումները՝  Բաքվի կոմունային և Դաշնակցությանը ենթակա հայկական ջոկատները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրականացրել»։ Այդ քաղաքների շարքում Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշատակել է նաև Երևանը՝ Էրիվան անվամբ։

«20-րդ դարասկզբի ցեղասպանության այս արյունալի քաղաքականությունը շարունակվել է նաև նույն դարի վերջում՝ համակարգային բնույթ ստանալով։ Դրա վկայություններն էին ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունը, օկուպացիայի տարիներին իրականացված զանգվածային սպանությունները՝ հատկապես Խոջալուի ցեղասպանությունը, այլ ռազմական հանցագործությունները», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան էլ միջազգային կազմակերպություններից և ՄԱԿ-ի անդամ պետություններից պահանջել է սկզբունքային դիրքորոշում որդեգրել «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական հանցագործությունների շարքի վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն»։ Օմբուդսմենը հայտարարել է, թե հազարավոր անմեղ մարդկանց զանգվածային սպանությունները պայմանավորված են եղել նրանց ազգային և կրոնական պատկանելությամբ։ 

«Պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, որը միտումնավոր իրականացվել է հայերի կողմից, զանգվածաբար ոչնչացրել են նրանց ազգային պատկանելության և կրոնի հիման վրա: 20-րդ դարի սկզբից ի վեր Ադրբեջանի տարբեր շրջաններում և ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության նկատմամբ կատարվել են համակարգված և դաժան հանցագործություններ։ Միջազգային մակարդակով դեռևս արդար դիրքորոշում չի արտահայտվել ազգային և կրոնական պատկանելության հիման վրա քաղաքացիական բնակչության համակարգված ոչնչացման և 1918 թվականի մարտ-ապրիլին կատարված ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։ Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանության հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը Ալիևան կարևորել է՝ ապագայում մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով։

Նշենք նաև, որ իր կրտսեր եղբոր հորինովի պատմությունը վերահաստատելու և նրա արտաքին քաղաքականությանն այս հարցում աջակցելու համար Թուրքիան ևս դատապարտող հայտարարություն է արել։ Թուրքիայի ռազմական գերատեսչությունն իր կայքէջում հրապարակում է տեղադրել «մարտի 31-ին նշվող ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» դատապարտմամբ, որում ասվում է՝ իբրև «պատմության մեջ որպես սև բիծ մնացած այդ ողբերգական օրերին հայկական զինված կազմավորումներն անգութ կերպով սպանել են հազարավոր անմեղ ադրբեջանցիների։ Մենք չենք մոռացել մեր եղբայրների դեմ իրագործված ցեղասպանությունը, չենք մոռանա և թույլ չենք տա մոռանալ։ Երախտագիտությամբ ու խոնարհումով հարգում ենք մեր նահատակների հիշատակը»։ Այս դեպքում Թուրքիան արդեն համարձակորեն օգտագործում է ցեղասպանություն բառը։

Ցանկացած այլ դեպքում Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող նման հայտարարությունները գուցե այսքան արգահատելի չընկալվեին, ինչպես և եղել է նախորդ իշխանությունների և այս իշխանությունների կառավարման սկզբնական տարիներին։ Բայց հիմա՝ Փաշինյանի և իր իշխող թիմի «կարկառուն» ներկայացուցիչների բերանից հնչող խաղաղասիրական ու հայ ժողովրդին իր հիշողության ու պահանջատիրության համար սաստող հայտարարությունների ֆոնին այսպիսի հանդգնությունները մեկ անգամ ևս մեզ համոզում են, որ ՀՀ իշխանությունները կամ մոլորության մեջ են՝ հույս փայփայելով, որ թուրքադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կարող է մեղմել և անգամ խաղաղասիրական մակարդակի հասցնել իրենց երկչոտ, վախվորած, խիստ զիջողական, լռակյաց դիրքորոշմամբ, կամ պարզապես այս երկու պետությունների ղեկավարների հակահայկական գործելակերպի համահեղինակներ են և ընդամենը մեզ մանիպուլացնելու, խաբելու, սպառնալու միջոցով Հայաստանը տանում են ինքնության և պետականության կորստի, թրքացման ճանապարհով։ Հետաքրքիր է, որ այս հարցում Ալիև կրտսերն ու բռնապետ Էրդողանը չեն էլ փորձում սատարել Փաշինյանին և գոնե թե «խաղաղության աղանդի» քարոզչության այս փուլում նման պահանջատիրական հայտարարություններ և պնդումներ չանեն։ Առավել ևս նախընտրական այս շրջանում։ Թե չէ իրենց հայտարարություններով հերթով պայթեցնում են Նիկոլի փչած փուչիկները, որը նա մատուցում է ժողովրդին իբրև Հայաստանը փրկելու անքննելի պայման։

Կհիշեք՝ օրեր առաջ նա հայտարարում էր խաղաղությունն ամրապնդելու պատրվակով պատմական անարդարության վերականգնումից հրաժարվելու մասին, երբ Ադրբեջանի ՄԻՊ-ը բարձրաձայնում է այդ արդարությունը վերականգնելու մասին։

Ավելի վաղ էլ համոզում էր, թե «ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին՝ ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով»։ 

Այստեղից հետևություն, որ Հայաստանի իշխանություններից ամեն նման նահանջ այսպիսի պահանջ է ձևավորելու հակառակորդի կողմից, Ցեղասպանության հերքումը այդ պետություններում Հայաստանին Ցեղասպանության մեջ մեղադրելու օրակարգ է ստեղծելու, վերադառնալու մասին խոսելու հանդեպ վախը նպաստելու է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ օկուպացնեն Հայաստանի բնակավայրերը և առանց տաք պատերազմի այս տարածքից դուրս մղեն բնիկ ազգաբնակչությանը։ Նման հակադարձող խոսույթով մենք ոչ մի կայուն խաղաղության էլ չենք հասնի, եթե, իհարկե, խաղաղություն ասելով՝ ժողովուրդը նկատի չունի կրակոցների բացակայությունը։ 

Խաղաղությունն ավելի ընդգրկուն հասկացություն է։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել մի պետության հետ, որը հավակնում է ամբողջությամբ հայրենազրկել քեզ, զրկել ինքնությունից, պատմությունից ու դարձնել անդեմ քոչվոր մի զանգված, որին ամբողջ աշխարհը պիտի մեղադրի մարդկության դեմ տարատեսակ ոճրագործությունների մեջ։  Սա է այս իշխանությունների տկարության հետևանքը։

Թագուհի Ասլանյան

Send