Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Մեծը 18-րդ դարի եվրոպական լուսավորության դարաշրջանում «ժողովրդավարության» յուրօրինակ մոդել էր սահմանել։ Նա իր հպատակներին տվել էր կարծիքներ հայտնելու ազատություն՝ անվերապահորեն ենթարկվելու պարտադրանքով։ Ֆրիդրիխ 2-րդն ազատությունների մասին իր մոտեցումները արտահայտում էր հետևյալ կերպ. «Դատողություններ կարող եք անել ինչքան ուզում եք ու ինչի մասին ուզում եք, բայց ենթարկվել պարտավոր եք»։
Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրիդրիխ 2-րդ Մեծը համեմատության նույնիսկ եզրեր չունեն, բայց ներկայիս Հայաստանի ներքաղաքական կյանքը հիշեցնում է 18-րդ դարի Պրուսիան, ավելի ճիշտ՝ համապատասխանում է նշված ձևակերպմանը։
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ՝ բռնաճնշումների ու քաղբանտարկյալների թեմայով։ Արտահայտվեցին գրեթե բոլոր ներկաները, ներկայացրին իրենց դիրքորոշումներն ամենասուր բնութագրումներով, անարգանքի սյունին գամեցին իշխանություններին, արձանագրեցին ողջ աղետալի ներկան, ու… առաջին հայացքից ամեն ինչ հիանալի է․ Հայաստանում ծաղկում է խոսքի ազատությունը, մարդիկ անարգել ասում են այն, ինչ մտածում են, բայց որքան էլ ցավալի լինի, պետք է փաստենք, որ ամենավերջում Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իր կամքը պարտադրել բոլորին՝ օգտագործելով ձեռքի տակ ունեցած ողջ լծակները։ Այսինքն՝ գործում է նույն մեթոդը՝ «Կարծիքներ հայտնել խնդրեմ, բայց պետք է ենթարկվեք»։ Ընդ որում՝ ենթարկվել ասելով պարտադիր չէ հասկանալ ինքնակամ ենթարկվելը․ եթե երկրի ղեկավարը կարողանում է անել այն ամենն, ինչ ուզում է, ու հնարավոր չի լինում կանխել նրա ընթացքը, ուրեմն բոլորը՝ կամա, թե ակամա, ենթարկվում են խաղի այս կանոններին։
Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա ես բազմիցս նշել եմ, որ այդ ազատությունները պայմանավորված չեն միայն նրանով, որ մարդը կարողանում է ասել, ինչ մտածում է, այլ հիմնականում նրանով, որ դա չի ունենում հետևանքներ։ Հիշենք Վոլտերին. «Թեպետ ձեր կարծիքն ինձ դուր չի գալիս, բայց ես կյանքս կտամ, որպեսզի կարողանաք ազատորեն արտահայտել այն»։ Մինչդեռ Հայաստանում քաղաքացին կարողանում է միայն ազատորեն խոսել, իսկ դրանից հետո ենթարկվում է տարատեսակ ճնշումների, ենթարկվում կալանքի իր բոլոր դրսևորումներով, դատարանի որոշմամբ զրկվում է հրապարակային խոսքի իրավունքից, ենթարկվում է հսկողության, հանդիպում է երկրից բացակայության արգելքի կամ կորցնում աշխատանքը։ Ահա նման պայմաններում խոսքի ազատությունից խոսելը պարզապես ծիծաղելի է դառնում, էլ չասած՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակելը։
Հետևաբար, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լսումները որևէ արդյունք չեն տալու, հատկապես, երբ ելույթ ունեցողներից բոլորը բոլորին լավ ճանաչում են, բոլորը գիտեն միմյանց կարծիքը, առավել ևս, որ բոլոր հավաքվածներն արդեն ստորագրել են հայտարարություն՝ միասնական ճակատով հանդես գալու։ Լսումների հիմնական «արդյունավետությունը» կարող են լինել միջազգային հանրությանն ուղղված մեսիջները, սակայն դրանք ոչ մի օգուտ չեն ունենալու, եթե այդ ուղերձներին չհետևեն կոնկրետ գործողություններ, քանի որ միջազգային հանրությունն առաջնորդվում է ոչ թե ժողովրդավարական կամ ազատություններին վերաբերող արժեքներով, այլ կոնկրետ քաղաքական շահով։ Եթե նրանց շահը թելադրի դատափետել Նիկոլ Փաշինյանին, նրանք դա կանեն, եթե ոչ՝ ապա եթե նույնիսկ ելույթ ունեցողներից մեկն ինքնահրկիզվի Կառավարության դիմաց, ողջ միջազգային հանրությունն այդ պահին կձևանա «խուլ» ու «կույր»։
Սա պարզ ճշմարտություն է, որը պետք է ընդդիմությունը հաշվի առնի ու նաև փաստի, որ նույնիսկ ամենախիստ քննադատությունը չի կարող ազդել Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, եթե չկա հակազդեցություն։ ԱԺ ամբիոնից կարող են հանգիստ խոսել բռնաճնշումների մասին ու կալանավորվել անմիջապես ելույթից հետո կամ հենց ելույթի ընթացքում։ Այնինչ միակ բանը, որից Նիկոլ Փաշինյանն իրոք վախենում է, դա հանրային լայն ճնշումն է։ Ուստի ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կարողանա կանխել նոր քաղբանտարկյալների ի հայտ գալը Հայաստանում, ինչն անշուշտ մոտ օրերս լինելու է, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր գաղափարները կյանք կոչելու այլ եղանակներ չունի։
Առաջին իսկ ձերբակալված մարդու դեպքում ընդդիմությունը պետք է այնպիսի մեծ ճնշում գեներացնի դատարանի առջև, որ դատավորը չկարողանա կալանքի որոշում կայացնել, ավելին՝ դատավորն այնպիսի ճնշում պետք է զգա, որ անմիջապես դատարանի դահլիճից ազատ արձակի քաղաքական գործունեության, հայացքների կամ խոսքի համար ձերբակալված քաղաքացուն։ Միայն այդպես մենք կկարողանանք հասնել նրան, որպեսզի զրկենք Նիկոլ Փաշինյանին դատարանները որպես քաղաքական գործիք օգտագործելու հնարավորությունից, հակառակ դեպքում մենք ազատորեն կհայտնենք մեր կարծիքն ու կգնանք կալանքի։ Բայց այս իշխանությունները «խելացի են» նաև այնքանով, որ երբեք թույլ չեն տալիս, որպեսզի բանտերում քաղբանտարկյալների թիվը հասնի կրիտիկական մասշտաբի․ պարզապես բոլորին բանտ են ուղարկում ռոտացիոն կարգով։
Կարեն Կարապետյան

Русский