Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Անվտանգության սպառնալիք»․ ո՞վ էր 2020 թվականին վարձկաններին բերել Արցախ

Blog Image

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը վերջերս խոսել է այն մասին, որ քաղաքացիներին վարձկանների կարգավիճակով ռազմական գործողություններում ներգրավելը լուրջ սպառնալիք է անվտանգության համար։

Տարածաշրջանային վերլուծաբան Ալեն Ղուլյանի խոսքով՝ այս ամենը հնչում է գեղեցիկ, միայն թե, նախքան անվտանգության սպառնալիքների մասին դատողություններ անելը, վատ չէր լինի հիշել՝ ով և ինչպես էր վարձկաններ օգտագործում 2020 թվականի պատերազմի ժամանակ։

«Դեռ պատերազմից մի քանի ամիս առաջ տարբեր աղբյուրներից արժանահավատ տեղեկություններ էին ստացվում, որ Թուրքիան սկսել էր Սիրիայից մի քանի հազար զինյալների հավաքագրումն ու տեղափոխումը Ադրբեջան՝ Արցախում պատերազմի մասնակցելու համար։ Խոսքը, մասնավորապես, «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուքուր», «Ալ-Համզաթ», «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների մասին էր։ Եվ քանի որ այդ տեղեկությունն արդեն միջազգային լայն արձագանք էր ստացել, Ադրբեջանը, Արցախում հարձակվելուց մոտ տասը օր առաջ, որոշ կասկածելի կայքերի միջոցով ապատեղեկատվություն տարածեց այն մասին, թե իբր Հայաստանն Արցախ է տեղափոխում Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալներին։ Սուտի այս շղթան հոկտեմբերի առաջին օրերին շարունակեց կեղծարարության հայտնի վարպետ Հիքմեթ Հաջիևը»,- նշում է Ղուլյանը։

2020 թվականի հոկտեմբերին սիրիացի զինյալների՝ Ղարաբաղ տեղափոխման հարցը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ քննարկել էր նաև Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնապես հայտարարել էր, որ իրենց ծառայությունն ունի սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ ստույգ տեղեկություններ։ «Եվրամիության գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակայնորեն հայտարարել էր, որ Ֆրանսիան ունի հաստատված հետախուզական տվյալներ՝ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջոցով ջիհադիստական խմբավորումներից սիրիացի զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման մասին։ Այն ժամանակվա Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հայտարարել էր, որ Դամասկոսը կարող է պաշտոնապես հաստատել սիրիացի արմատականների՝ Ղարաբաղյան հակամարտության մեջ օգտագործման փաստը։ Այս ամենից բացի, կան հարյուրավոր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վկայում են այդ մասին»։

Վերլուծաբանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում հայկական բանակի կողմից ոչնչացվեցին հարյուրավոր սիրիացի զինյալներ, իսկ երկուսը գերի վերցվեցին։ Նրանք արժեքավոր ցուցմունքներ տվեցին՝ ներկայացնելով հավաքագրման, տեղափոխման և ռազմական գործողություններին անմիջական մասնակցության վերաբերյալ կոնկրետ մանրամասներ։ Փաստացի, նրանց ցուցմունքները հաստատում էին այն մեխանիզմը, որի մասին մինչ այդ հաղորդում էին բազմաթիվ աղբյուրներ։

«Իսկ հետո, ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ Նիկոլի ռեժիմը երկու զինյալների, որոնք ահաբեկչության համար դատապարտվել էին ցմահ ազատազրկման, հանձնեց նրանց հավաքագրողներին և ուղարկողներին՝ նույն այն մարդկանց, որոնց կողմից նրանք ուղարկվել էին Արցախի խաղաղ հայ բնակչության դեմ այնպիսի վայրագություններ իրականացնելու, ինչպիսիք նրանք նախկինում կատարել էին Սիրիայում։ Ի՞նչ եղավ այն քրեական գործը, որը Հայաստանի գլխավոր դատախազությունը 2020 թվականի նոյեմբերի վերջին հարուցել էր Մերձավոր Արևելքի երկրներից վարձկան-ահաբեկիչների տեղափոխման և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ահաբեկիչների ֆինանսավորմանն անմիջական մասնակցության փաստի առթիվ՝ անհայտ է։ Չի բացառվում, որ «թշնամիների հետ եղբայրության» շրջանակում այդ գործը պարզապես փակեցին»,- եզրափակեց Ալեն Ղուլյանը։

Send