Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Դիվանագիտությունը վերածվում է հանցակցության». ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի բաց նամակը ԵՄ ներկայացուցչին

Blog Image

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ հիասթափություն հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Արցախ։ 

Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտել է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը։ 

«Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից։ 

Կա տարբերություն դիվանագիտական շփումների և պետական մակարդակով իրականացվող պատմական ռևիզիոնիզմի (պատմության աղավաղման) հանդիսատես դառնալու միջև։

Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման»։

Կարապետյանը անդրադարձել է եվրոպացի պաշտոնյաների վարքագիծը, պարելն Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին հայաթափված Արցախում։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանի պատմությանը և դրա մշակութային ժառանգության ակունքներին, մենք համոզված ենք, որ այն բացահայտելու անկեղծ ցանկության դեպքում, կան բազմաթիվ անաչառ պատմական վկայություններ։ Հուսով ենք, որ այս առումով Ձեր կողմից առկա է անկեղծ հետաքրքրություն»։ 

«Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական շահեր ունի Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության։ Ավելին, տվյալ պահին կարող է թվալ, թե Ալիևի ռեժիմին հաճոյանալը օգնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն այս մոտեցումը կարճատես է և հարգանք վաստակելու լավագույն հենքը չէ, նույնիսկ այն կողմի մոտ, ում փորձում են հաճոյանալ»։ 

 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատել է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն ընդգծել է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։ 

 

Send