Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկում գործարք, որն առաջին հայացքից ցանկացած պարագայում ձեռնտու չէ իրեն։ Ըստ առաջարկի՝ եթե ընդդիմությունը չխոչընդոտի Սահմանադրության հանրաքվեի անցկացումը, ապա այն ժողովրդի կողմից մերժվելու դեպքում Փաշինյանը խոստանում է հեռանալ, իսկ ընդունվելու պարագայում՝ չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններում՝ լինի արտահերթ, թե հերթական։
Նախ՝ ի՞նչ է նշանակում ընդդիմությանն առաջարկել, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն իրեն նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությանը։ Ժողովրդավարության տեսանկյունից ցանկացած քաղաքական ուժ յուրաքանչյուր հարցի դեպքում կարող է դիրքավորվել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում՝ ու աջակցել կամ պայքարել դրա դեմ օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցներով։ Հետևաբար, երբ ընդդիմությունը ձգտում է վիժեցնել նոր Սահմանադրության ընդունումը, դա լիովին տեղավորվում է օրենքի շրջանակներում, ու քաղաքական ուժերը պարզապես իրացնում են իրենց իրավունքը։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկը խայծ է ընդդիմության համար։ Եթե նոր Սահմանադրությունը դրվում է հանրաքվեի, ու ընդդիմությունը որևէ քայլ չի ձեռնարկում այն կասեցնելու ուղղությամբ, ապա ժողովրդի կողմից մերժման հնարավորությունը հավասարեցվում է գրեթե զրոյի։ Առաջին հերթին տեղի է ունենում միակողմանի քարոզ նոր Սահմանադրության ընդունման ուղղությամբ, չեն հնչում հակափաստարկներ, ընտրողները զրկվում են այլընտրանքից, իսկ բուն քվեարկության օրը Նիկոլ Փաշինյանն իր ձեռքի տակ ունեցած ողջ զինանոցով կարողանում է հասնել նրան, որ ապահովում է անհրաժեշտ թե՛ մասնակցությունը, թե՛ կողմ քվեները։ Դրանից հետո ընդդիմությունը լիովին վերածվում է Նիկոլ Փաշինյանի օրակարգն ուղիղ կյանքի կոչողի դերում ու նետվում լուսանցք՝ այլևս չունենալով որևէ ազդեցություն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։
Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին չառաջադրվելու խոստմանը, ապա նախ՝ Փաշինյանը հայտնի է իր խոստումնադրժությամբ, բացի այդ, մշտապես կարող է գտնել ինչ-որ վերացական կերպարներ, ինչպիսին էին «սնուցող մայրերն» ու «նահապետ հայրերը», ու իր հերթական առաջադրումը պայմանավորել նրանց պահանջով։
Իսկ եթե ժողովուրդը մերժում է նոր Սահմանադրության ընդունումը, ապա Նիկոլ Փաշինյանը կրկին կխախտի իր խոստումը, ու նորից նրան օգնության կգան իր իսկ կողմից մոգոնված կերպարները։ Սակայն այս դեպքում ակնհայտ կդառնա Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահության ողջ պակասը, ու ընդդիմության համար շատ ավելի հեշտ կդառնա կոնսոլիդացնելու հանրությանն ու հասնելու նրա հեռացմանը։
Կարեն Կարապետյան

Русский