ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին արագ ավարտել ու հրապարակել Իրանի հարավային Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետաքննության արդյունքները, որը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության սկզբում։
Թյուրկն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի արտակարգ քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Իսլամական Հանրապետության, Չինաստանի և Կուբայի դիմումով։
Հանձնակատարն ասել է, որ Մինաբի Շաջարե Թայեբեհի տարրական դպրոցի ռմբակոծությունը «խորը սարսափ է առաջացրել» միջազգային հանրության շրջանում։ «Ռումբի ավերված դասարանների և սգացող ծնողների պատկերները հստակ ցույց են տվել, թե ով է վճարում պատերազմի համար ամենաբարձր գինը՝ քաղաքացիական անձինք, որոնք ազդեցություն չունեն հակամարտությանը հանգեցրած որոշումների վրա», - ընդգծել է նա։
«Ես կոչ եմ անում այս գործընթացն ավարտել հնարավորինս շուտ ու դրա արդյունքները հրապարակել։ Այս սարսափելի վնասը չպետք է անպատիժ մնա», - շեշտել է նա։
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են հարավային Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցին։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտներ, նաև ծնողներ և ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման համար մեղադրել է իրանական զինվորականներին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Հետագայում պարզվել է, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռային բեկորների վրա ամերիկյան զինամթերքի մակնշումներ են եղել։

Русский