«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ:
Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում:
«Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ մի քանի ամիս առաջ ՊՎԾ-ն համալսարանում ուսումնասիրություններ է իրականացրել ու փաստաթղթերն արդեն փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ ՊՎԾ-ին տեղեկություններ է փոպանցվել, որ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում համալսարանում: Հիմա համալսարանում շունչները պահած սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն:
Հիշեցնենք, որ Դեռևս հունվարի 7-ին Armlur.am-ը գրել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն ազատման դիմում է ներկայացրել:
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ Ղազարյանը պրոռեկտորի պաշտոնից կազատվի հունվարի 19-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որոշել է նրան առանց գործ չթողնել ու նրան «հատուկ» սենյակ է տրամադրվելու` ռեկտորի խորհրդական աշխատելու համար:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ արդեն որոշված է, թե ով կփոխարինի Ղազարյանին: Մենք տեղեկացանք, որ ԲՊՀ Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Գալստյանը»։
«Հրապարակ»․ թերթը գրում է․
Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։
Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ եկեղեցու եւ Վեհափառի դեմ տեւական պայքարից հետո, տարեսկզբին՝ Սուրբ ծննդի նախօրեին, Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին, այսպես կոչված, իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Ճանապարհային քարտեզի դրույթներից մեկն է՝ ընդունել նոր կանոնադրություն․ «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։
Մենք գրել ենք, որ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը գրում է անձամբ Փաշինյանը, եւ որ այն պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։ Այն կգրանցվի իբրեւ կրոնական հերթական կազմակերպություն, եւ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կդառնա, ժողովրդական լեզվով ասած` նոր աղանդի հիմնադիր։ Հայաստանում ներկայում վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություններ են գործում, Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ կլինի դրանցից մեկը։ Իշխանականներն էլ են գրեթե վստահ, որ իրականությունից բավականին հեռու է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ ինչպես Սերժ Սարգսյանը չուզելով հեռացավ, այնպես էլ Վեհափառն է հեռանալու։ Նրանք վստահ են, որ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռանալու, իսկ հեռացնելու այլ մեխանիզմ չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անելու ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի պլանները թեեւ վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհաին քարտեզը, բայց արդյունքները գոհացուցչ չեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար:
Անգամ հանրային աջակցությունը, շրջիկ պատարագներին բերված մարդիկ չեն կարողանում լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել և այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ Կաթողիկոսին սկանդալային եպիսկոպոսների միջոցով փոխելու փաշինյանի ծրագիրը հանրային օրակարգ չի դառնում:
Իսկ ինչ վերաբերում է եկեղեցական կանոնագրքին, ապա Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ այստեղ Փաշինյանը և 10 տիրադավները լուրջ դժվարությունների են բախվում, քանի որ 57 եպիսկոպոսների ձեռքում է Կաթողիկոսի ճակատագիրը: Անգամ եթե 57-ից 10-ը այս պահին պահանջում են, որ Կաթողիկոսը հեռանա, դա խիստ անբավարար է, պետք է առնվազն 39 եպիսկոպսոս պահանջ ներկայացնի հրաժարականի, որից հետո 57 եպիսկոպոսները պետք է հավաքվեն ու որոշեն՝ ընդունում են այդ պահանջը կամ անգամ կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի դիմումը, թե՝ ոչ: Այսինքն եթե անգամ Կաթողիկոսը հրաժարական տա, եպիսկոպոսները պետք է հաստատեն այդ հրաժարականը:
Բայց քանի որ տևական ժամանակ է, ինչ 10 տիրադավների թիվը չի ավելանում, ուստի կարելի է ասել որ գործընթացը մտել է փակուղի: Ելք չկա՝ կաթողիկոսի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհով: Մնում է պարզապես կաթողիկոսին առևանգելը, ինչը ևս կարծես թե կա Փաշինյանի պլաններում»։
«Հրապարակ»․ թերթը գրում է․
Գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից՝ նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։
Ինչ խոսք, 2018-ից առաջ էլ մայր բուհը քաղաքականացված էր, իսկ նախկին լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանը երդվյալ հանրապետական էր, սակայն Երեւանի պետական համալսարանն իր մեկդարյա պատմության ընթացքում երբեք այսքան քաղաքականացված չի եղել, որքան հիմա է։ Օրեր առաջ մենք գրել էինք, որ Գլխավոր դատախազության շենքում մայր բուհի իրավագիտության ֆակուլտետը լաբորատորիա է հիմնադրել։
Այժմ էլ տեղեկացանք, որ ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է Տվյալների մշակման կենտրոն։ Այս կապակցությամբ համալսարանում ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ-ից մեզ ասացին, որ կառավարությունն է ահռելի գումարներ հատկացրել, որպեսզի բուհը գերժամանակակից տվյալների մշակման կենտրոն հիմնադրի։
Մեզ պատմեցին, որ տվյալների մշակման կենտրոնի բացմանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել, այլեւ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Русский