Սիրիայի Հալեպ քաղաքում գիշերը մարտեր են սկսվել քրդական աշխարհազորայինների և սիրիական կառավարական ուժերի միջև։
Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քուրդ զինյալները հարձակվել են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջանների անցակետերում տեղակայված կառավարական անձնակազմի վրա։ Մեկ մարդ զոհվել է, երկու անվտանգության աշխատակից և երեք քաղաքացիական պաշտպանության աշխատակից վիրավորվել են։
Քրդերի գլխավորած «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի (SDF) կոալիցիան հայտարարել է, որ արձագանքել է Սիրիայի պաշտպանության նախարարությանը կից «զինված խմբավորումների սադրանքներին»։ Ականանետերի և ծանր զենքի կրակի հետևանքով վիրավորվել են երկու քուրդ զինյալ և հինգ քաղաքացիական անձ։
Մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և SDF-ի հրամանատար Մազլում Աբդիի միջև ստորագրվել էր համաձայնագիր՝ քրդական ուժերի սիրիական բանակին և կառավարական կառույցներին ինտեգրման վերաբերյալ։
Նախորդ օրը Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, որ SDF-ն խոչընդոտում է ինտեգրմանը և խանգարում է համաձայնագրի իրականացմանը։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ գլխավոր խոչընդոտը մնում է «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի ենթադրյալ համագործակցությունը Իսրայելի հետ ու շահերին նրանց հավատարմությունը։

Русский