Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարիամ Կարապետյանն ու Յուրա Միրզախանյանը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցին։

Русский