Աննա Հակոբյանն ակտիվորեն սկսել է հանդես գալ ընտանեկան բռնությունը քրեական օրենսգրքում որպես առանձին հանցագործություն սահմանելու օգտին։ Իհարկե դատապարտելի է ընտանեկան ու ոչ միայն ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում։ Սակայն ի՞նչ է հասկանում նա ընտանեկան բռնություն ասելով, միայն ծեծն ու հայհոյա՞նքը։
Վերջերս իր տեսանյութերից մեկում Աննա Հակոբյանը եկել էր այն եզրահանգման, որ ընտանեկան բռնություններն ազդում են երեխաների հոգեբանության վրա, այնուհետև այդ ամենն այս կամ այն կերպ իր դրսևորումներն են ունենում դպրոցում, բանակում ու այդպես շարունակ։
Իհարկե ընտանիքներում բռնությունների տարբեր դրսևորումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների դեռևս ներ ձևավորվող հոգեբանության, աշխարհայացքի, մտածելակերպի, դաստիարակության ու առհասարակ հետագա ողջ կյանքի վրա։ Ընդհանրապես ընտանեկան բռնությունները եթե նույնիսկ տեղի են ունենում միայն ամուսինների միջև, ապա միևնույնն է, դրանք ազդում են նաև երեխաների վրա, այսինքն երեխաները նույնպես դառնում են այդ բռնությունների զոհը։
Սակայն մի՞թե երեխաները միայն ընտանիքներում են ենթարկվում բռնությունների, մի՞թե բռնության ենթարկողը պարտադիր պետք է ունենա կոնկրետ անուն, ազգանուն, չի՞ կարող արդյոք բռնության ենթարկողը լինի հենց պետությունը, որը պարտավոր էր հոգալ այդ երեխայի մասին, ապահովեր նրա անվտանգությունը, անհոգ մանկությունն ու պատանեկությունը։
Երբ երեխան իր մորը տեսնում է կալանավորված, ճաղավանդակների ետևում, երբ երեխան տեսնում է, որ իր մորը ներկայացնում են որպես հանցագործ, երբ երեխան կարդում է, որ իշխանությունները ոտնահարելով անմեղության կանխավարկածը, իր մորը վերագրվող հանցանքն արդեն ներկայացնում են որպես հաստատված փաստ, արդյո՞ք դա բռնություն չէ, արդյո՞ք հոգեբանական նման ապրումները չեն թողնի իրենց հետքերը երեխայի հետագա կյանքի վրա։ Որևէ մեկը մտածո՞ւմ է այդ մասին, թե՞ ընտանեկան բռնության զոհ են համարում միայն այնպիսի մարդկանց, որոնք որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ։
Խոսքը տվյալ պահին հենց Արեգնազ Մանուկյանի ու իր դստեր մասին է։ Աննա Հակոբյանը, ինքը լինելով 4 երեխաների մայր, արդյո՞ք մտահոգվել է Արեգնազ Մանուկյանի դստեր ապրումներով, անհագստացե՞լ է այդ երեխայի ճակատագրով, զգացածով, ծննդյան օրն առանց մոր մնալու փաստով։ Իհարկե, Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետ, սակայն որտե՞ղ, ի՞նչ պայմաններում ու ի՞նչ կարգավիճակով։
Սրանք հարցեր են, որոնք միանշանակ այս իշխանություններին չեն հետաքրքրում, հակառակ դեպքում, այսօր Արեգնազ Մանուկյանը կլիներ տանը, իր երեխայի կողքին։
Եթե նույնիսկ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Արեգնազ Մանուկյանն իրոք մեղավոր է որևէ արարքում, սակայն արդյո՞ք այդ արարքը հասարակական այնպիսի մեծ վտանգ էր պարունակում, Արեգնազ Մանուկյանն արդյո՞ք այնպիսի մի «սարսափելի հանցագործ էր», որին վնասազերծելու այլ տարբերակ չկար, քան կալանավորելը։
Ուսումնասիրեք համաշխարհային պրակտիկան, նույնիսկ իրական վտանգավոր հանցագործները, մարդասպանները, կողոպտիչները շատ դեպքերում չեն կալանավորվել նախքան մեղքի ապացուցումը, նախքան դատավճիռը։
Բացի այդ, կա նաև հարցի բարոյական կողմը, այն, որ Արեգնազ Մանուկյանը կին է ու մայր, թե՞ կինը միայն ապաքաղաքական մարդն է լինում, իսկ երբ մուտք է գործում քաղաքականություն՝ զրկվում է սեռից։
Նորից կցանկանայի անել նույն հարցադրումը՝ Աննա Հակոբյանը որպես կին ու մայր, հետաքրքրվե՞լ է Արեգնազ Մանուկյանի դստեր ապրումներով։
Կարեն Կարապետյան

Русский