Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է ստում՝ «Վեոլիա ջուրը» ասում է մեղավոր չեմ, առողջապահության նախարարությունն էլ՝ թե մեղավոր ես

Blog Image

Ապրիլի 21-ին Բյուրեղավան համայնքի մի քանի բնակավայրերում աղիքային վարակի բռնկման դեպք էր արձնագարվել, ինչի արդյունքում 11 հոգի հոսպիտալացվել էր՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում ախտանշաններով։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ համայնքում վարակի 30 դեպքի մասին ահազանգ էր եղել՝ նույն գանգատներով։ Ինչպես նշեցինք՝ նրանցից 11 հոգին հոսպիտալացվել էր, մյուսները տնային պայմաններում էին ստացել իրենց բուժումը։

Հիվանդության նախնական աղբյուր էր նշվել խմելու ջուրը, որից օգտվել էին ախտահարված քաղաքացիները։ Եվ մինչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վարակի բռնկման վայրերում նմուշառումներ կիրականացներ ջրից՝ այն լաբորատոր փորձաքննության ենթարկելու նպատակով, «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդամենը ժամեր անց շտապեց հաղորդագրությամբ հերքել ջրից վարակվելու նախնական վարկածը՝ հավաստիացնելով, թե իրենք ջրի փորձաքննություն են իրականացրել և պարզել, որ փորձանմուշներում որակի հետ կապված որևէ շեղում չի եղել։

Ըստ ընկերության հայտարարության՝ Աբովյանի լաբորատորիան վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ է իրականացրել և Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերել․ կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են։

Մինչդեռ այսօր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացրին, որ նմուշառված ջրի փորձաքննության պատասխանները ստացվել են և դրանց համաձայն՝ ջրի մեջ կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ըստ ԱՎԿ ազգային կենտրոնի՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են: Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարման մասին։ Իսկ բուժօգնության դիմած ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, ախտահարման նոր դեպքերի մասին ահազանգեր չեն եղել: 

MediaHub-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞վ են պայմանավորված իրենց և ՀՎԿ ազգային կենտրոնի կատարած լաբորատոր հետազոտությունների հակասությունները։ Կարինե Կարապետյանը հայտնեց, որ «իրենք մնում են իրենց պաշտոնական տեսակետին, այն է՝ Բյուրեղավանում ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել»։ 

Իսկ ՀՎԿ Ազգային կենտրոնի տարածած հայտարարությունը հանրային կապերի մասնագետը որևէ ձևով չմեկնաբանեց։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը MediaHub-ին ասաց, որ ՀՎԿ Ազգային կենտրոնը բավականին ուշ իրազեկեց վարակի բռնկման մասին և այդ ընթացքում մարդիկ շարունակեցին ջուր խմել։ Այդպիսով կառույցը թերի իրականացրեց վարակի տարածման կանխարգելման ֆունկցիան։ Հիմա էլ, ըստ նրա, անհասցե հաղորդագրություն է տարածել, որը ոչ մի հետևանք չի ունենալու՝ մեղավորներին պատժելու և հետագայում նման դեպքերը կանխելու առումով․ «Ակնհայտ է, որ մենք ունենաք կառավարման համակարգի ճգնաժամ բոլոր ոլորտներում՝ այդ թվում հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, հանրային ծառայությունները կարգավորողի, առողջապահության նախարարության ոլորտներում։ Առողջապահության նախարարությունը, որը պետք է բացահայտեր մարդկանց առողջությանը հասցված վնասի մեղավորին և կոչ աներ քայլեր ձեռնարկել պատժելու, կանխելու ուղղությամբ, անբովանդակ հայտարարություն է արել պարզապես հիշեցնելու համար, որ գոյություն ունի։ Այն, որ առողջապահության նախարարությունը կարող է թույլ տալ հանրային ծառայություն մատուցող ընկերության կարծիքը նման դեպքերում հիմք համարել, այսինքն՝ ծառայություն մատուցողի կարգավիճակին հավասարվի, այլ ոչ թե առողջապահության նախարարության՝ գերատեսչության, պետական թելադրող կառույցի դիրքերից հանդես գա, խոսում է այդ համակարգի մակարդակի մասին»։

Նման անհասցե, անատամ հայտարարությունները վկայում են այն մասին, որ նորից որևէ մեկը, որևէ կազմակերպություն, պետական վերահսկող կառույց մեղավորներ չի լինի, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունն ասում է, որ ինքը անարատ, առանց շեղումների ջուր է մատակարարել տվյալ բնակավայրերին, առողջապահության նախարարության վերահսկող կառույցն էլ անգամ ընկերության անունը չի տալիս իր հաղորդագրության մեջ, հետևաբար չեն լինի նաև պատասխանատվության ենթարկված կառույցներ։ 

Բաբկեն Պիպոյանը  հիշում է, որ անգամ մահացության ելքեր են եղել նմանատիպ դեպքերում, բայց դրանք այդպես էլ չեն բացահայտվել, ու որևէ մեղավոր պատիժ չի կրել։ Ուստի զարմանալի չէ, որ համատարած թունավորման, վարակների բռնկման դեպքերը պարբերաբար կրկնվում են ու դառնում վիճակագրություն։  Դրանց մասին խոսում են, զարհուրում, քննարկում, իսկ որոշ ժամանակ հետո մոռացության մատնում։ 

Թագուհի Ասլանյան

Send