Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»․ մի շարք կետեր Սերժ Սարգսյանի ելույթից

Blog Image

2018թ. իշխանազավթումից հետո, բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով և ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն և զազրախոսություն։ Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը և մեր միասնությունը, կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով՝ Հայրենիքի պողպատե վահան։ Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր»։

- Աշխարհում չգրված օրենք կա՝ կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում երկիրը կրում է անդառնալի և անհամաչափ կորուստներ։ Ավաղ, Հայաստանի կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը, և մենք, ցավոք, կորցրինք մեր հայրենիքի մի մասը: Իսկ մյուս մասին՝ Հայաստանի Հանրապետությանը, շարունակում է վտանգ սպառնալ:

- Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Անցած տարիները ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը: Եվ վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։

- Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն, հարգելի´ կուսակիցներ, երբեք չի´վերածվել և չի´ վերածվելու էգոիզմի։ Դա անթույլատրելի է: Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք ու երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը՝ դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»։

- Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով: Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին։

- Մենք չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ «միջանցք»-ի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա «միջանցք չէ»։ Այն ոչ մի ձևով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում: Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում:

Send